Այսօր՝ նոյեմբերի 9–ին, 44–օրյա պատերազմի 5–րդ տարելիցի օրը առավոտից մարդիկ այցելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
2023–ին Արցախում զոհված Մհեր Դադայանի հայրը՝ Լեռնիկ Դադայանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Որդիս 18 տարեկանից ծառայել է բանակում, 32 տարեկանում զոհվել է։Բոլոր կռիվներին մասնակցել է, դիրքում էլ զոհվել է՝ Ճարտարի մոտ գտնվող դիրքում։ Թուրքերը դիրքը վերցրել են, ինքը մնացել է դիրքում։ Նույնիսկ չթողեցին, որ գնամ դիրքից տղայիս մարմինը հանեմ։ Մի շաբաթ հետո նոր հաջողվել է մարմինը հանել այնտեղից։
Ինքը միշտ ասում էր՝ կռիվ չի լինելու, ռուսները էստեղ են, պահելու են, արխային կաց, հեր ջան։ Բայց այնպես ստացվեց, որ ռուսները ոչ մի բան չարեցին։ Մենք այդ ժամանակ Ճարտարում ենք եղել, ինքն էլ Ճարտարի դիրքում է եղել»։
Զոհվածի հայրը նշեց, որ որդին 2020 թվականի պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում, վարորդ է եղել, բոլորը նրան ճանաչում էին։
«Որ Արցախը մեզ տան, լավ կլինի, կգնանք մեր տները։ Էդքան արյուն է թափվել այնտեղ»,–ասաց Լեռնիկ Դադայանը։
Մհերն ամուսնացած չէր։











