Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուժի մեջ է մտցրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նոր պատժամիջոցները՝ ուղղված ռուսաստանցի պաշտոնյաների, այդ թվում՝ ՌԴ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Ալեքսանդր Տուպիցկու, ինչպես նաև ռուսաստանյան մի շարք պարբերականների դեմ, հաղորդում է Liga.net-ը։
«Այսօր ընդունած պատժամիջոցների տակ են հայտնվել Պուտինի վարչակազմի ներկայացուցիչներ, որոնք Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում ներգրավված են թալանի մեջ, ինչպես նաև նրա «դրամապանակներից» մեկը, Ռուսաստանի ռազմական հետախուզության աշխատակից և մի կոլաբորացիոնիստ», պարզաբանել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինան աշխատանք է սկսում ռուսաստանյան այն պարբերականների դեմ, որոնք արդարացնում են ագրեսիան և տարածում ռուսական քարոզչություն ամբողջ աշխարհում։ «Ռուսաստանում ամեն ինչ, ինչ ուղղված է պատերազմին, պետք է արգելափակվի», — նշել է Զելենսկին։
Նա հիշեցրել է, որ Մոսկվան ձգձգում է պատերազմը, փորձում է արդարացնել ագրեսիան և «նորմալ դարձնել» ուկրաինական տարածքների օկուպացիան։
Բացի այդ, Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի կողմից վերջերս ընդունված «ցուցադրական քաղաքական որոշմանը»՝ պատժամիջոցներ սահմանելու Ուկրաինայի պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի նկատմամբ։
«Ռուսաստանի նման վարքագիծը արժանի է աշխարհի կողմից շատ ավելի մեծ ճնշման և այդ ճնշման սահմանների ընդլայնման՝ ինչպես ռուսական ռազմական մեքենայի ֆինանսավորման բոլոր աղբյուրների ու սխեմաների, այնպես էլ յուրաքանչյուր այն անձի նկատմամբ, ով քարոզչություն է տարածում և խոչընդոտում իրական խաղաղության հասնելու որոշումների ընդունմանը։ Մենք մեր նոր պատժամիջոցային առաջարկները կներկայացնենք համապատասխան գործընկերներին», — ասել է Ուկրաինայի նախագահը։





























