Արհեստական բանականության (ԱԲ) ազդեցությունը կհանգեցնի նրան, որ Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր չորրորդ խոշոր ընկերություն կսկսի աշխատանքից ազատել իր մասնագետներին։ Այս մասին հայտնել է Financial Times թերթը՝ հղում կատարելով բրիտանացի գործատուների կողմից անցկացված հարցմանը։

Ըստ դրա արդյունքների՝ խոշոր ձեռնարկությունների ավելի քան մեկ քառորդը ակնկալում է անձնակազմի թվաքանակի կրճատում 2026 թվականի ընթացքում՝ ԱԲ-ի ազդեցության պատճառով։ Ամենամեծ ռիսկի տակ կլինեն կրտսեր օղակի պաշտոնները։

Մեծ Բրիտանիայի Անձնակազմի և զարգացման ինստիտուտի (CIPD) տվյալներով՝ մասնավոր հատվածի խոշոր ընկերությունների 26%-ը և պետական կազմակերպությունների 20%-ը պատրաստվում են առաջիկա 12 ամիսների ընթացքում աշխատակիցների կրճատումներ իրականացնել՝ իրենց գործունեության օպտիմալացման նպատակով։

CIPD-ի հետազոտությունը ցույց է տվել, որ փոփոխությունները կանդրադառնան ֆինանսական ծառայությունների ոլորտի վրա, որտեղ գործատուների 37%-ը ԱԲ-ի պատճառով ակնկալում է աշխատատեղերի կրճատում։ Դրան հաջորդում է ՏՏ ոլորտը, որտեղ 26%-ը պատրաստվում է աշխատակիցների թվաքանակի նվազեցմանը։ Իսկ 24%-ը բաժին է ընկնում իրավաբանական, հաշվապահական և խորհրդատվական հատվածներին։