Հրազդան քաղաքում նշագեղձերի հեռացման վիրահատությունից մեկ օր անց մահացած 5-ամյա Միլենա Մարտիրոսյանն ընտանիքի 2-րդ աղջիկն էր, իսկ ամիսներ անց լույս աշխարհ է գալու նրա եղբայրը: Վերջինս ոչ թե հիվանդանոցում է մահացել, այլ դուրս գրվելուց հետո` տանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Հրազդան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Սահակյանը:
Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ չի կարող միանշանակ պատասխանել, թե որն է եղել երեխայի մահվան պատճառը: «Այս հարցը ներկա դրությամբ քննվում է քննչական վարչության, դատախազության, նախարարության եւ մարզպետարանի առողջապահության վարչության կողմից: Միայն կարող եմ ասել, որ վիրահատությունից հետո երեխայի մոտ ամեն ինչ լավ էր»,- նկատեց Ռոբերտ Սահակյանը:
Նա նաեւ պատմեց, որ երեխայի մայրը, քանի որ հղի է եղել, խնդրել է, որ վիրահատությունից հետո գնան տուն: Բժիշկները ընդառաջելով հղի մոր խնդրանքին, դուրս են գրել երեխային հիվանդանոցից, սակայն բժիշկների կողմից տրվել են խորհուրդներ, թե որ դեպքում, ինչ անեն եւ այլն:
«Այսինքն` երեխան ստացիոնարում չի մահացել, այլ դուրս գրվելուց հետո` տանը: Դուրս գրվելուց մեկ օր հետո երեխային բերել են մահացած: Այսինքն ռեանիմացիոն միջոցների անհրաժեշտություն չի եղել: Թեեւ փորձել են սրտի մասաժ անել, սակայն սրտի աշխատանքը չի վերականգնվել, որովհետեւ երեխան երեւի 15-20 րոպե առաջ մահացած է եղել: Չգիտեմ դատական բժիշկը հստակ կասի, թե մահը երբ է գրանցվել»,- պատմեց գլխավոր բժիշկը:
Հարցին, թե 5-ամյա աղջնակին վիրահատող բժիշկը շարունակում է աշխատե՞լ, թե` ոչ, նա պատասխանեց. «Բժիշկը ներկայումս չի աշխատում, բայց նա աշխատանքի մեջ է: Նա իր հաշվին արձակուրդ է վերցրել, որովհետեւ շատ ծանր է տանում տեղի ունեցածը եւ քննչական գործընթացների է մասնակցում»:
«Միլենային բուժող բժիշկը կլինիկական օրդինատուրան ավարտել է 2 տարի առաջ: 1 տարուց ավելի է, ինչ աշխատում է մեզ մոտ եւ կատարել է մոտ 250 նման վիրահատություն ու բոլորը բարեհաջող»,-ասաց Ռ. Սահակյանը:
Խոսելով միջադեպի մասին, Ռոբերտ Սահակյանն ասաց, որ երբ ծնողներն իմացել են, որ երեխան մահացել է, վնասել են հիվանդանոցի գույքը, բուժաշխատողներին են խփել: «Սակայն պետք է նրանց դրության մեջ մտնել: Այդ պահին ցանկացած մարդ հավանաբար, այդպես կվարվեր: Ես նորմալ եմ վերաբերում դրան: Ոստիկաններն էլ, երբ առաջարկեցին արձանագրություն կազմել ես ասացի, որ անհարմար է, մարդկային չէ»,- նկատեց գլխավոր բժիշկը:
Իսկ սույն գործով ոստիկանության Հրազդանի ոստիկանության վարչության քննիչ Համլետ Աբրահամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ սույն գործով նյութեր են նախապատրաստվում քրեական գործ սկսելու համար եւ ավելացրեց. «Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, քանի որ դեռ չկա, ներկա պահին ոչինչ չեմ կարող ասել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարականով հանձնաժողով է ստեղծվել, որ պետք է ուսումնասիրի նշագեղձերի հեռացման վիրահատությունից հետո հունվարի 28-ին 5-ամյա Միլենա Մարտիրոսյանի մահվան դեպքը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հրազդան քաղաքում 5-ամյա աղջնակ է մահացել նշագեղձերի հեռացման վիրահատությունից մեկ օր անց: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնել էին, որ Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, եւ ոստիկանները պետք է պարզեն, թե ով է մեղավոր երեխայի մահվան համար, ծնողնե՞րը, թե՞ բժիշկները: NEWS.am-ի տեղեկություններով, Միլենա Մարտիրոսյանի վիրահատությունը տեղի էր ունեցել հունվարի 26-ին, եւ հաջորդ օրը նրան դուրս են գրել: Հունվարի 28-ին փոքրիկի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նրան տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվում փրկել նրան: Ի դեպ, Մելինայի ընտանիքը բնակվում է Հրազդանի կենտրոնում, սակայն նրա ընտանիքի անդամները ներկա պահին խորը վշտի մեջ են, հետեւաբար դեռեւս վաղ համարեցինք նրանց հետ խոսել:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























