Ռուսաստանում բացահայտվել է Պակիստանի Միջգերատեսչական հետախուզության (ISI) հետ կապված լրտեսական ցանց, որը փորձել է ձեռք բերել հակաօդային պաշտպանության համակարգերի և ուղղաթիռների ռուսական տեխնոլոգիաներ։ Հնդկական Economic Times պարբերականի աղբյուրների համաձայն՝ սա կարող է լինել Ռուսաստանում ISI-ի առաջին խոշոր գործողությունը։ Ըստ թերթի աղբյուրների՝ ISI-ին հետաքրքրել են այն փաստաթղթերը, որոնք կարող էին օգնել Պակիստանին մշակել ռուսական սպառազինության համակարգերի անալոգները կամ գտնել դրանց խոցելի կողմերը։ Հակահետախուզական գործողության շրջանակում Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, որը փորձել է փաստաթղթերը դուրս բերել արտասահման։ Խոսքը վերաբերում է Մի-8 բազմաֆունկցիոնալ ռազմատրանսպորտային ուղղաթիռների տեխնիկական տեղեկատվությանը, այդ թվում՝ ուժեղացված զրահապաշտպանությամբ և բարելավված էլեկտրոնիկայով արդիականացված տարբերակներին։ Հնդկական լրատվամիջոցների տվյալներով՝ ցանցը բացահայտվել է Հնդկաստանի և Պակիստանի միջև տեղի ունեցած հակամարտությունից մի քանի ամիս անց։

Նոյեմբերի 10-ին ԱԴԾ-ն հայտնել է, որ հատուկ ծառայության աշխատակիցները կանխել են երկակի նշանակության շարժիչների անօրինական արտադրությունն ու արտասահմանյան պաշտպանության նախարարության շահերից ելնելով դրանց մատակարարումը։ Հարուցվել է քրեական գործ՝ արտահանման վերահսկողության ենթակա արտադրանքի անօրինական արտահանման վերաբերյալ։ Հատուկ ծառայության տվյալներով՝ Յարոսլավլի ձեռնարկության երկու ղեկավարները երկակի նշանակության արտադրանքի մատակարարման ուղի են կազմակերպել՝ երկրի սահմաններից դուրս։ ԱԴԾ-ն չի պարզաբանել, թե ուր պետք է ուղղվեին մատակարարումները։։

2024 թվականին Հնդկաստանում ձերբակալվել է ՌԴ-ի դեսպանատան աշխատակից՝ Պակիստանի օգտին լրտեսության կասկածանքով։ Ոստիկանության հակաահաբեկչական բաժինը ձերբակալել է դիվանագետ Սաթենդրա Սիվալին։ Նա կասկածվում էր ISI-ին (Միջգերատեսչական հետախուզություն) Հնդկաստանի գերատեսչությունների՝ Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության, ինչպես նաև հնդկական ռազմական օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելու մեջ։

Հնդկաստանը 2018 թվականին Ռուսաստանի հետ պայմանագիր էր կնքել 3.4 միլիարդ դոլարով հինգ դիվիզիոն Ս-400 մատակարարելու մասին։ Իսկ 2025 թվականի հոկտեմբերին սկսել է ևս հինգ համակարգ գնելու բանակցություններ, չնայած այն բանին, որ «Ռոսօբորոնէքսպորտը» խախտել էր առաջին խմբաքանակի մատակարարման ժամկետները՝ հետաձգելով դրանք մինչև 2026-27 թվականները։ Ավելի շատ ՀՕՊ համակարգեր Հնդկաստանին պետք եկան Պակիստանի հետ հակամարտության պատճառով, հայտնել էին Hindustan Times-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ Նյու Դելին ցանկանում է ձեռք բերել ռուսական հավաքման երեք համալիր, իսկ երկուսը պատրաստել Հնդկաստանում՝ դրա համար ստանալով անհրաժեշտ տեխնոլոգիաները։

Հնդկաստանը մայիսի 7-ին Պակիստանի տարածքում սկսել է «Սինդուր» գործողությունը և մի շարք հրթիռային հարվածներ է հասցրել Քաշմիրի տարածքին։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գործողության պատճառը Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչությունն է եղել, որի հետևանքով զոհվել էր 26 զբոսաշրջիկ։ Հնդկաստանն ընդգծել է, որ թիրախները եղել են ահաբեկչական խմբավորումների ղեկավարները։ Մայիսի 10-ին Պակիստանը հայտարարել է պատասխան «Բունյան ուլ-Մարսուս» գործողությունն անցկացնելու մասին։ Պակիստանյան բանակը հարվածներ է հասցրել հնդկական ռազմական օբյեկտներին և հրթիռների պահեստներին, ինչպես նաև անցկացրել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակում։ Ի պատասխան՝ Հնդկաստանը հրթիռներ է արձակել պակիստանյան ավիաբազաների ուղղությամբ։ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարվածների փոխանակումից հետո հրադադարի մասին համաձայնություն ձեռք է բերվել։