Երեկ նախագահ Թրամփի հրահանգով երկու մահացու հարված է հասցվել ահաբեկչական համարվող կազմակերպություններին պատկանող երկու նավերի վրա։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։

«Մեր հետախուզության տվյալներով՝ այդ նավերը զբաղվում էին թմրանյութերի մաքսանենգությամբ, տեղափոխում էին թմրանյութեր և հետևում էին Արևելյան Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղուն։

Երկու հարվածներն էլ հասցվել են միջազգային ջրերի տարածքում, և յուրաքանչյուր նավի վրա եղել են երեքական տղամարդ նարկոահաբեկիչներ։ Բոլոր վեցն էլ սպանվել են։ Ամերիկացի զինծառայողներից ոչ մեկը չի տուժել։ Նախագահ Թրամփի օրոք մենք պաշտպանում ենք մեր երկիրը և ոչնչացնում կարտելային ահաբեկիչներին, որոնք ցանկանում են վնասել մեր երկրին և նրա ժողովրդին»,- նշել է նա։