Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը բացատրել է 44-օրյա պատերազմից առաջ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի ձախողման պատճառները։
Լրագրողների հետ զրույցում նա չի մանրամասնել, թե ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի վարկածի, ինչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գալով և չի կատարել այն։ Խանդանյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների բոլոր գործողությունները և բանակցությունների էությունը եղել են բաց ու թափանցիկ, իսկ ամեն ինչի պատճառը նախկին իշխանությունների թույլ տված սխալներն են և աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը։
Ինչպես հավաստիացնում է Խանդանյանը, Հայաստանը փորձել է ելք գտնել ստեղծված իրավիճակից, սակայն մանևրելու դաշտը մեծ չի եղել։ Իշխանության պատգամավորը վստահ է, որ Հայաստանը, նույնիսկ չնայած Փաշինյանի բանակցությունները զրոյական կետից սկսելու մասին հայտնի հայտարարությանը, չի հրաժարվել բանակցություններից։ Խանդանյանը չի մասնրամասնել, թե կոնկրետ ինչ է առաջարկել ՀՀ-ն՝ պատճառաբանելով, որ դրանք հանրահայտ բաներ են։ Միևնույն ժամանակ, պատգամավորը կարծում է, որ բանակցությունները շարունակելուց գրավոր հրաժարում չի եղել։
Միևնույն ժամանակ, Խանդանյանը ընդունել է թերությունների առկայությունը, որոնք, կրկին, աշխարհաքաղաքական իրավիճակի և «մեր ունեցած հայրենասիրության մոդելի» հետևանք են եղել։
Այս պահին պատգամավորին հիշեցրել են, որ հայրենասիրական մոդելը ամեն տարի չի փոխվում։
Հարցը, թե կարո՞ղ ենք արդյոք վստահ լինել, որ հայրենասիրական մոդելը կրկին չի փոխվի, մնում է օդում կախված։











