Հնդկաստանի մայրաքաղաքի Հին Դելիի շրջանում գտնվող Կարմիր բերդ պատմական ամրոցի մոտակայքում մեքենայի պայթյունն իրականացրած անձը մահապարտ ահաբեկիչ է եղել։ Այդ մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է NDTV հեռուստաալիքը։

Տեսախցիկի տեսագրության համաձայն՝ պայթուցիկ նյութեր պարունակող մեքենան դեպքի վայրի մոտակայքում կայանված է մնացել մոտ երեք ժամ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է վարորդը, կարծես, սպասում ինչ-որ մեկին կամ հրահանգների՝ առանց մեքենայից դուրս գալու։

Աղբյուրների փոխանցմամբ՝ պայթյունը հետաքննվում է որպես ահաբեկչական գործողություն։ Դելիի ոստիկանությունը կիրառել է Ապօրինի գործունեության կանխարգելման մասին օրենքի հոդվածները, այն բանից հետո, երբ փորձաքննության տվյալները և հետախուզական տեղեկությունները մատնանշել են ահաբեկչության հետ հնարավոր կապերի առկայությունը։ Արտակարգ դեպքի վայրում կատարված նախնական հետազոտությունները ամոնիումի նիտրատի առկայություն են ցույց տվել։

Հեռուստաալիքը հիշեցրել է, որ Նյու Դելիի Կարմիր ամրոցում պայթյունը տեղի է ունեցել նույն օրը, երբ ոստիկանությունը կանխել է Դելիին սահմանակից Հարյանա նահանգի Ֆարիդաբադ քաղաքում ահաբեկչական հարձակումը և ձերբակալել երեք կասկածյալի, որոնց մոտ հայտնաբերվել է 350 կգ պայթուցիկ նյութ։

Երկուշաբթի երեկոյան Նյու Դելիի Կարմիր բերդ պատմական ամրոցի մոտակայքում՝ լուսացույցի մոտ մեքենա է պայթել։ Ինչպես հայտնել է Հնդկաստանի ՆԳՆ ղեկավար Ամիտ Շահը, զոհվել է ութ մարդ, կան վիրավորներ։ Կատարվում է հետաքննություն։

Նյու Դելիում, ինչպես նաև հարևան Ուտար Պրադեշ նահանգում, հնդկական Մումբայ մեգապոլիսում, Բիհար, Կերալա և մի շարք այլ նահանգներում արտակարգ դրությունից հետո բարձր պատրաստականության ռեժիմ է մտցվել։ Ուժեղացվել է նաև Հնդկաստանի և Պակիստանի ու Բանգլադեշի սահմանների պարեկությունը։ Լրացուցիչ ստուգումներ են անցկացվում Նյու Դելիի, Չեննայի և հնդկական այլ քաղաքների օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում։