Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնից «հակասական հաղորդագրություններ» է ստանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ հակամարտությունը կարգավորելու բանակցությունների վերաբերյալ։

«Մենք հակասական հաղորդագրություններ ենք ստանում։ Բեմի վրա մենք լսում ենք մի բան, իսկ կուլիսներում ստանում ենք այլ բան։ Ամերիկացիները, ինչպես միշտ, լավագույնս կարողանում են մանիպուլյացիայի ենթարկել ցանկացած հնարավորություն։ Ի սկզբանե նրանք դիվանագիտությունն օգտագործել են ոչ թե համաձայնության հասնելու, այլ դիվանագիտության գաղափարը ջուրը գցելու համար»,- ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը Abu Dhabi Strategic Debate համաժողովի ժամանակ։

ԱՄՆ-ն ու Իրանը հինգ փուլից բաղկացած բանակցություններ են անցկացրել՝ փորձելով նոր համաձայնագիր կնքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Բանակցությունները չեն վերսկսվել հունիսի 13-ից հետո, երբ Իսրայելը ռազմական գործողություն է սկսել իսլամական հանրապետության դեմ։ ԱՄՆ-ն հակամարտությանը միացել է ինը օր անց՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։