Նոյեմբերի 11-ի ցերեկը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ դատարանի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին, փոխանցում է Reuters-ը։
Նախարարի խոսքով՝ ահաբեկիչը սկզբում փորձել է մտնել դատարանի շենք, սակայն ի վերջո պայթեցրել է ռումբը ոստիկանական մեքենայի կողքին։
Փրկարարական ծառայությունները լրագրողներին հայտնել են, որ պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել է ևս 20 մարդ։ Associated Press-ը հաղորդում է 27 զոհի մասին։
CNN-ը նշում է, որ դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար, սակայն Պակիստանի անվտանգության ծառայությունների աղբյուրը պնդում է, որ պայթյունի հետևում կանգնած են «Թալիբան»-ի և Հնդկաստանի հետ կապեր ունեցող զինյալներ։
Իսլամաբադում պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պակիստանի հետախուզական ծառայությունները հայտնել են, որ կանխել են Աֆղանստանի հետ սահմանի մոտ գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգի ռազմական քոլեջում կուրսանտներին պատանդ վերցնելու զինյալների փորձը: Դպրոցի վրա, ենթադրաբար, հարձակվել են մահապարտ ահաբեկիչը և ևս հինգ մարդ: Պակիստանի իշխանությունները հարձակման համար մեղադրել են Պակիստանի թալիբների խմբին, սակայն զինյալները հերքել են իրենց մասնակցությունը:





























