Հայաստանում խնդիրները կրկնվում են, եղածի վրա նորերն են ավելանում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ մասնավորապես անդրադառնալով գյուղական բնակավայրերում ապրողների խնդիրներին։
Ըստ նրա, գյուղացիները հանդիպումների ժամանակ խոսում, զայրանում, բարձրացնում են կյանքին առչվող խնդիրներ, սակայն լուծումներ չկան։
«Գյուղմթերքի իրացման խնդիր կա։ Մարդն ասում է՝ ցորենը մշակում ենք, տանջվում ենք, ծախս ենք անում, հետո իրացնում ենք, ծախսը չի փակում։ Վեց հեկտար ցորեն է մշակում, ամբողջ ընտանիքով, կոնկրետ մարդ է, կոնկրետ հասցե ունի, և ի՞նչ է ասում: Ասում է՝ 20 անգամ, 30 անգամ այս վերջին տարիներին մեր համայնքում ցորենի մշակման արտերի հեկտարները նվազել են, որովհետև մարդիկ հիասթափվում են կամ լուռ արտագաղթում, զբաղվում այլ գործով, ներքին արտաքին արտագաղթի, կամ որոշակիորեն բողոքում են ոչնչի չհասնելով:
Երիտասարդների շրջանում զբաղվածության հարցեր, բազմիցս դուք էլ եք իբրև խոսում, ինչ-որ ռազմավարություններ եք բերում, մարտավարություններ, ինչ ձևի թուղթ ասես նկարում ու բերում եք։ Գնացեք գյուղում տեսեք, երիտասարդները ունեն լրջագույն զբաղվածության խնդիր, հետևանքն էլ չի ուշանում, ի՞նչ են անում, կամ գնում են քաղաքներ, կամ մեկնում են արտերկիր և ցավոք սրտի շատ անգամ այդ արտագնա աշխատանքը արագորեն վերածվում է մշտական արտագաղթի։
Ժողովրդագրական խնդիրներն են խորանում, ասում են մարդիկ պարզ, ասում են մեր երիտասարդները էապես հետաձգում են ամուսնությունը, կամ սակավ երեխաներ են ունենում, կամ այլ խնդիրների պատճառներով, նաև սոցիալական խնդիրների պատճառներով շատացել են ամուսնալուծությունները, սրանք նաև վիճակագրական փաստեր են, պարբերաբար խոստանում եք»,–ասաց նա։
Դիմելով իշխանություններին՝ Թ. Ավետիսյանն ասաց, որ պարբերաբար խոստանում են խնդիրների լուծումները, սակայն գետնի վրա հիմնական խնդիրները գյուղի և գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչության չեմ լուծվում, իսկ հետևանքն էլ կամ հուսալքությունն է, որը լուռ կերպով արտագաղթով է արտահայատվում, գյուղերի դատարկմամբ, կամ որոշակի բողոքներով, որոնք բիրտ ուժով ճնվում են։





























