Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց են ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ։
«Նախարարները ողջունել են Քաբուլի և Իսլամաբադի միջև ձեռք բերված համաձայնությունը, որը միջնորդվել էր Կատարի և Թուրքիայի իշխանությունների կողմից, աֆղանա-պակիստանյան սահմանի գոտում փոխադարձ հրադադարի և փոխհրաձգությունների դադարեցման մասին։ Նրանք կոչ են արել շարունակել երկխոսությունը երկու բարեկամ պետությունների միջև՝ տարաձայնությունները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու համար՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման», - նշել են գերատեսչությունից։
Լավրովը և Արաղչին քննարկել են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, առաջին հերթին՝ պաղեստինա-իսրայելական խաղաղության գործընթացը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս հարցի քննարկումը, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդում ստեղծված իրավիճակը, որտեղ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան փորձում են հակաիրանական արշավ սկսել։
Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների որոշ ասպեկտների վերաբերյալ։
«Երկու կողմերը վերահաստատել են իրենց փոխադարձ հավատարմությունը Ռուսաստանի և Իրանի միջև հոկտեմբերի 2-ին ուժի մեջ մտած Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի անվերապահ կատարմանը», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։





























