Հայաստանի Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը, որը ստեղծվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքները հետաքննելու համար, կտրամադրվի սահմանափակ թվով կառույցների։ Այդ մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Պաշտպանության և անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։
Վերջիններս, մասնավորապես, իշխանություններին մեղադրել էին պոպուլիզմի և պատերազմի հանգամանքները թաքցնելու փորձի մեջ։ Բանն այն է, որ Հայաստանում գործող իշխանությունները նախկինում հանրությանը խոստացել էին հրապարակել հետաքննության արդյունքները։ «Մենք պայմանավորվել ենք Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի հետ, որ 16 հազար էջից բաղկացած նյութերը պետք է փոխանցվեն 1-ին բաժին։ Այնուհետև պետք է որոշում կայացվի՝ պետական կառույցներին այդ նյութերին մուտքի հնարավորություն տրամադրելու մասին։ Վերջիններս հնարավորություն կունենան ուսումնասիրել դրանք և կայացնել համապատասխան որոշումները», - պարզաբանել է Քոչարյանը։
Նշված ցուցակում ընդգրկվել են Գլխավոր դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Պաշտպանության նախարարությունը։ Ընդ որում, պատգամավորները ևս անմասն չեն մնա։
Հանձնաժողովի ղեկավարը նաև հավելեց, որ «հույժ գաղտնի զեկույցը» շատ կարևոր է եզրակացություններ կատարելու և ձևակերպելու առումով։





























