Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը փորձել է գաղտնի կերպով կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Financial Times-ը։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Փաուելն այս տարվա սկզբին զանգահարել է Պուտինի արտաքին քաղաքականության գծով օգնական Յուրի Ուշակովին։ FT-ի զրուցակիցները պարզաբանել են, որ Կրեմլի հետ կապ հաստատելու փորձը կապված է եղել Լոնդոնի անհանգստության հետ՝ Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշման վերաբերյալ. Մեծ Բրիտանիան մտավախություն է ունեցել, որ Վաշինգտոնի քաղաքականությունը չի համընկնի եվրոպական երկրների շահերին։
Սակայն, Փաուելի և Ուշակովի հեռախոսազրույցը միակն է եղել և չի կարողացել Պուտինի մերձավոր շրջապատի հետ հաղորդակցության նոր ուղի բացել, թերթին հայտնել են FT-ի աղբյուրները: Աղբյուրներից մեկը նշել է, որ զրույցը «շատ լավ չի անցել»:
Փաուելի զանգը Մեծ Բրիտանիայից անկախ նախաձեռնություն է եղել, որը աջակցություն էր ստացել որոշ եվրոպական մայրաքաղաքներից, ասել է եվրոպացի պաշտոնյան։ Բրիտանական կառավարությունը հաստատել է, որ Փաուելը փորձել է հաղորդակցության ոչ պաշտոնական ուղի ստեղծել։
Կրեմլը նույնպես հաստատել է Լոնդոնի հետ շփումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երկխոսությունը առաջընթաց չի ունեցել։ Փաստն այն է, որ այս շփման ընթացքում մյուս կողմը ցանկանում էր քննարկել եվրոպական դիրքորոշումը։ Եվ մեր դիրքորոշումը լսելու մտադրություն կամ ցանկություն չի եղել։ Իհարկե, հաշվի առնելով փոխադարձ կարծիքներ փոխանակելու անհնարինությունը... Ահա թե ինչու երկխոսությունը առաջընթաց չի ունեցել», - ասել է Պեսկովը։





























