Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հիմնադրած, այժմ կնոջը պատկանող «Սոճենի» ՍՊ ընկերությունը պետական և համայնքային գնումներին 468 մլն դրամի պայմանագրեր է կնքել։ Այս մասին գրել է «Հետք»-ը:

Ըստ այդ պայմանագրերի՝ ընկերությունը վերանորոգում է դպրոց, բազմաբնակարան շենքերի տանիքներ, իրականացնում է գազիֆիկացման աշխատանքներ։ «Ստեփշին» ՍՊ ընկերությունը, որի 45%-ը պատկանում է Արմեն Գրիգորյանի կնոջը, ևս մասնակցում է Ստեփանավանի և մարզի այլ համայնքների գնումներին։

«Սոճենի» ՍՊ ընկերությունը 2018-ի ապրիլին հիմնադրել է Արմեն Գրիգորյանը: Նա այդ ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու մարզի գազիֆիկացման և գազամատակարարման Ստեփանավանի ծառայության պետն էր։ 2020-ի նոյեմբերին Գրիգորյանը նշանակվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Մեկ տարի անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է Ստեփանավան համայնքի ղեկավար: «Սոճենի» ՍՊԸ-ի 100% մասնաբաժինը 2021-ի հունվարին փոխանցել է դստերը՝ Սյուզաննա Գրիգորյանին, իսկ 2024-ի մայիսից ընկերության 100% փայատեր Արմեն Գրիգորյանի կինն է՝ Գայանե Ավետիսյանը։

«Սոճենի» ՍՊԸ

«Սոճենի» ՍՊԸ և «Մեդիսոն էյբլ» ՍՊԸ կոնսորցիումը հաղթող է ճանաչվել նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ Վանաձոր համայնքի Ագարակ գյուղի դպրոցի վերանորոգման համար հայտարարված մրցույթում։ Պայմանագրով սահմանված աշխատանքների համար նախատեսվել է կապալառուին վճարել 56 մլն 277 հազար դրամ։ Մրցույթին մասնակցել է նաև «Մանուկյան շին» ՍՊԸ-ն, որը առաջարկել էր 59 մլն 385 դրամ։ Այս երկու առաջարկներով սահմանված գումարների տարբերությունը կազմել է 2,723,385 դրամ։ Քանի որ կոնսորցիումի առաջարկած գինն ավելի փոքր է եղել, մրցույթում հաղթող է ճանաչվել։

Պայմանագիրը կնքվել է 2024-ի նոյեմբերին։ Դպրոցի վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեին 60 օրվա ընթացքում։ 2025-ի մարտին, կոնսորցիումի և պատվիրատուի միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի, սահմանված ժամկետի ընթացքը կասեցվել է մինչև առաջացած խնդիրների լուծումը։ Նույն համաձայնագրին կցված զեկուցագրում նշված են այդ խնդիրները։ Շինարարության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել պայմանագրով չսահմանված լրացուցիչ աշխատանքներ կատարել՝ միջանցքների հատակների սալիկապատում, տանիքի ջերմամեկուսացում, տարածքի բարեկարգում, մարզահրապարակի կառուցում և այլն։ Այս հանգամանքով պայմանավորված՝ նախապատրաստվել են նախագծա-նախահաշվային նոր փաստաթղթեր։ 2025-ի հունիսի 18-ին համաձայնագիր է կնքվել, որով պայմանագրով սահմանված գումարը փոխվել է՝ դառնալով՝ 135 մլն 945 հազար դրամ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: