ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել, որ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հաջորդ հանդիպումը պետք է «կոնկրետ արդյունք» բերի։
«Կարծում եմ, որ երկու կողմերը համաձայնության են եկել, որ մեր նախագահների հաջորդ հանդիպման ժամանակ պետք է կոնկրետ արդյունք արձանագրվի։ Մենք պետք է իմանանք, որ իրական հնարավորություն ունենք ինչ-որ դրական բանի հասնելու համար։ Եվ մենք կցանկանայինք, որ դա տեղի ունենար։ Մենք կցանկանայինք, որ այս պատերազմը ավարտվեր, բայց մենք չենք կարող շարունակել հանդիպումներ անցկացնել միայն հանդիպումների համար։ Եվ ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ հենց այդպես են դիտարկում դա, համենայնդեպս, դա այն է, ինչ ես հասկացա մեր զրույցից», — ասել է նա՝ պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ իր զրույցի մասին հարցին։





























