Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնը, որին մեղադրում են սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի մեջ, 2018 թվականին ամերիկյան և եվրոպական պաշտոնյաներին ուղղված իր նամակներում գրել է Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչների հետ Դոնալդ Թրամփի մասին տեղեկություններով կիսվելու պատրաստակամության մասին։ Այս մասին, ինչպես գրում է Politico-ն, հղում անելով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կոնգրեսականների կողմից հրապարակված Էփշթեյնի էլեկտրոնային նամակներին։

Մասնավորապես, պարբերականը մեջբերում է Էփշթեյնի նամակը, որը գրվել է 2018 թվականին, նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի Հելսինկիի հանդիպումից մեկ ամիս առաջ։ Ֆինանսիստը նամակն ուղարկել էր Նորվեգիայի նախկին վարչապետ Թուրբյորն Յագլանդին, որը այդ պահին ղեկավարում էր Եվրոպայի Խորհուրդը։ Նամակում նա առաջարկում էր, որպեսզի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սկզբում խոսի իր հետ՝ Թրամփի մասին պատկերացում կազմելու համար։

«Կարծում եմ՝ դուք կարող եք Պուտինին առաջարկել, որ Լավրովը պատկերացում կազմի [Թրամփի] մասին՝ իմ հետ խոսելով», - գրել է Էփշտեյնը։

Ի պատասխան՝ Յագլանդը գրել է, որ հաջորդ օրը կհանդիպի Լավրովի օգնականի հետ և կառաջարկի նրան կապ հաստատել Էփշտեյնի հետ։ Հայտնի չէ, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության որևէ ներկայացուցիչ կապ է հաստատել Էփշտեյնի հետ, թե ոչ։

Էփշտեյնն իր նամակագրության մեջ նաև պատմել է, որ շփվել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի հետ (մահացել է 2017 թվականի փետրվարին — «Մեդուզա»-ի նշում)։ «Չուրկինը հիանալի էր։ Նա մեր զրույցներից հետո ճանաչեց Թրամփին։ Դա բարդ չէ։ Պարզապես պետք է տեսնել, որպեսզի հասկանաս, ամեն ինչ այնքա՜ն պարզ է», - մեջբերում է պարբերականը ֆինանսիստի նամակից։

Էփշտեյնի նամակագրության մեջ քննարկվել են նաև Պուտինի և Թրամփի Հելսինկիի հանդիպման արդյունքները, որը կոչվում էր ԱՄՆ նախագահի «ձախողում»։ «Արդյո՞ք ռուսներն ինչ-որ բան ունեն Թրամփի դեմ։ Այսօրվա օրը սարսափելի էր նույնիսկ նրա չափանիշներով», - Էփշտեյնին ուղղված նամակում գրել է Բիլ Քլինթոնի վարչակազմի նախկին ֆինանսների նախարար և Բարաք Օբամայի վարչակազմի տնտեսական խորհրդական Լարի Սամերսը։

Էփշտեյնը ի պատասխան գրել է, որ իր էլեկտրոնային փոստը «լեցուն է» նման մեկնաբանություններով։ Նա Թրամփի պահվածքը Պուտինի հետ հանդիպման ժամանակ անվանել է «կանխատեսելի»։ «Ես վստահ եմ, որ նրա կարծիքով ամեն ինչ շատ լավ է անցել։ Նա մտածում է, որ հմայել է իր հակառակորդին...։ Նա գաղափար չունի դրանցից մեծ մասի վերաբերյալ», - գրել է Էփշտեյնը։

Ջեֆրի Էփշտեյնը մեղադրվել է սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի մեջ։ Քննության վարկածով՝ գործարարը սեռական ծառայություններ էր ստանում անչափահաս աղջիկներից և «փոխանցում էր» նրանց ազդեցիկ մարդկանց։ Էփշտեյնը ձերբակալվել է 2019 թվականի հուլիսի 7-ին։ Մեկ ամիս անց նա մահացած է գտնվել Նյու Յորքի բանտում։ Մահվան պատճառ է հայտարարվել ինքնասպանությունը։

Դոնալդ Թրամփը ծանոթ էր Էփշտեյնի հետ, իսկ վերջինիս մահից հետո բազմիցս արտահայտել է այն տեսությունը, որ ֆինանսիստը վարել է «հաճախորդների ցուցակ», որոնց անչափահասներ է «փոխանցել»՝ սեքսի համար։ Նրա կարծիքով՝ այդ ցուցակում կարող էին լինել դեմոկրատներ։

2025 թվականի նոյեմբերի 12-ին Դեմոկրատական կուսակցության կոնգրեսականները հրապարակել են Էփշտեյնի նոր էլեկտրոնային նամակները։ Դրանցում, մասնավորապես, ասվում է, որ Թրամփը «գիտեր աղջիկների մասին», որոնցից մեկը «նրա հետ մի քանի ժամ է անցկացրել»։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը ավելի ուշ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ նոր էլեկտրոնային նամակները «բացարձակապես ոչինչ չեն ապացուցում, բացի այն, որ նախագահ Թրամփը ոչ մի վատ բան չի արել»։