Բրիտանական Hauser & Wirth արվեստի պատկերասրահը, որի տնօրենը Անգլիայի արքայադուստր Եվգենիան է, մեղադրվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խախտելու մեջ, հաղորդում է The Telegraph-ը: Հետաքննիչների տվյալներով՝ 2022 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր պատկերասրահը «շքեղության իր» է տրամադրել Ռուսաստանի հետ կապեր ունեցող անձի: Այս մեղադրանքի համար առավելագույն պատիժը տուգանք է ընկերությունների համար և մինչև 10 տարի ազատազրկում՝ անհատների համար: Վիճարկվող իրի ենթադրյալ ստացողի անունը դատական ​​փաստաթղթերում չի բացահայտվում:

«The Telegraph»-ը հայտնում է, որ պատկերասրահը ամերիկացի նկարիչ Ջորջ Քոնդոյի կտավը հանձնել է ռուսաստանցի Ալեքսանդր Պոպովին՝ ժամանակակից արվեստի ֆոնդի կոլեկցիոներին և ղեկավարին, որը նա ղեկավարում է կնոջ հետ։ Ընդ որում, Պոպովի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել և նա ներառված չէ պատժամիջոցների ցուցակում։

Գործում ներգրավված է նաև Artay Rauchwerger Solomons ընկերությունը (նախկինում՝ Art Logistics), որը զբաղվում էր արվեստի գործերի փոխադրմամբ։ Այս ընկերությունը մեղադրվում է շքեղության առարկաների մատակարարման արգելքը խախտելու մեջ։ Լոնդոնյան այս ընկերությունը լուծարվել է 2023 թվականին։

2022 թվականի ապրիլից Մեծ Բրիտանիայում գործում է Ռուսաստան արտահանման արգելք՝ 250 ֆունտ ստեռլինգից ավելի արժողությամբ ապրանքների նկատմամբ, ներառյալ արվեստի գործերը, ոսկերչական իրերը, ավտոմեքենաները, շքեղության առարկաները և դիզայներական հագուստը։ Պատկերասրահի դեմ գործ հարուցելու որոշումը նախաձեռնվել է Մեծ Բրիտանիայի Հարկային-մաքսային ծառայության (HMRC) հետաքննությունից հետո և դարձել է առաջին նախադեպը Ռուսաստան շքեղության առարկաների մատակարարման արգելքը խախտելու հոդվածով։

35-ամյա արքայադուստր Եվգենիան 2015 թվականից համագործակցում է «Hauser & Wirth»-ի հետ և իր LinkedIn-ի էջում նշում է, որ զբաղեցնում է պատկերասրահի տնօրենի պաշտոնը։ Նա իրեն անվանում է «արվեստի մեծ սիրահար» և պարբերաբար սոցիալական ցանցերում հրապարակում է իր սիրելի ստեղծագործությունների լուսանկարները։ «Hauser & Wirth» պատկերասրահն ունի երեք ցուցահանդեսային տարածք Մեծ Բրիտանիայում և ավելի քան մեկ տասնյակ մասնաճյուղեր ամբողջ աշխարհում։

Եվգենիան պահպանել է իր թագավորական տիտղոսը, այն բանից հետո, երբ նրա հայրը՝ արքայազն Էնդրյուն, զրկվել է Յորքի դքսի տիտղոսից՝ վիճահարույց գործարար Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի պատճառով, որը մեղադրվում էր մարդկանց առևտրի և անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեջ։