Դանիայի կառավարական և պաշտպանական կայքերը հինգշաբթի զանգվածային կիբերհարձակման են ենթարկվել, հաղորդել է երկրի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը։
Նշվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել են ռուսամետ հաքերները։
«Գործակալությունը տեղյակ է, որ մի քանի դանիական ընկերություններ և կայքեր ներկայում ծառայությունների խափանումների են ենթարկվում DDoS հարձակումների պատճառով»,- ասված է գործակալության հայտարարության մեջ, հայտնել է Ֆրանսպրեսը։
Գործակալությունը հայտարարել է, որ «ուշադիր հետևում է իրավիճակին» Դանիայի ռազմական հետախուզության գործակալության հետ համատեղ։
NoName057 անունով ռուսամետ հաքերային խումբը սոցիալական ցանցերում հայտնել է, որ հարձակվել է դանիական կայքերի վրա, ներառյալ՝ Տրանսպորտի նախարարության և պետական հատվածի Borger.dk պորտալի, ինչպես նաև՝ Terma պաշտպանության խմբի, որը հաստատել է, որ հարձակման է ենթարկվել:
«Մենք գիտենք, որ ռուսական հաքերային խումբը հայտարարել է, թե խափանել է մեր կայքը և մի քանի դանիական իշխանությունների կայքերի գործունեությունը, բայց դեռ վաղ է նրանց պատասխանատվությունից խոսելը,- AFP-ին ասել է Terma-ի խոսնակ Տոբիաս Բրուն-Ֆալկենկրոնեն,- Մենք լավ պատրաստված ենք այս տեսակի կիբերհարձակմանը և արագ ենք գործել։ Անվտանգության խախտումներ չեն եղել, և տվյալներ չեն կորել»։
Չորեքշաբթի նույն հաքերային խումբը հայտարարել է, որ հարձակվել է Ուկրաինայի եռանդուն կողմնակից սկանդինավյան երկրի՝ Դանիայի մի քանի համայնքների վրա՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից համարյա մի շաբաթ առաջ։





























