Մեր ծրագրում Ղարաբաղի ու ՀԱՊԿ–ի մասին էլ են դրույթներ եղել. ՀԱՊԿ-ի մասին էջեր կան գրած, թե ինչպես ենք մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում խորացնելու մեր հարաբերությունները և այլն։ Ղարաբաղի մասին էլ է գրած, որ խաղաղապահները երաշխավորում են և այլն։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13–ին, ԱԺ–ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարո՞ղ էինք շարունակել այդ դրույթների հետևից գնալ բուլդոզերի նման։ Կարող էինք, բայց կկորցնեինք մեր պետությունը։ Քաղաքական առաջնորդությունը այդտեղ է, որ դու քեզ վրա պատասխանատվություն ես վերցնում, որը ոչ մեկ չէր վերցնի։ Հեսա բանակցային թղթերը կբացահայտվեն և կտեսնեք, որ Ղարաբաղի անկախության թեման դա ֆեյք է։
Եթե 2018 թվի դրությամբ մենք իշխանություն չլինեինք, մնակ մենք էինք, որ կարող էինք այս ճանապարհով անցնել։ Ուրիշ որևէ մեկը մնար, այսօր Հայաստանի Հանրապետություն չէր լինելու։ Ինչքան էլ անհամեստ է, ես սա պարտավոր եմ ասել, և այո, սա առաքելություն է, մենք այս առաքելություն անում ենք։ Հիմա ես վստահ եմ այն ճանապարհի մեջ, որը մենք անցել ենք, ճիշտ է, ինտուիտիվ»,– ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ նոր-նոր են սովորում, թե ինչ է պետությունը. «Իրենք չգիտեն ինչ է պետությունը, իրենք գիտեն, թե ինչ է ֆորպոստը։ Մենք էլ ենք ֆորպոստի մեջ եղել, մենք էլ ենք գրպանում եղել, բայց մենք որոշել ենք, որ պետք է դուրս գանք գրպանից, պետք է անկախ պետությունը լինենք։ Մենք ապահովում ենք Հայաստանի Հանրապետության հարատևությունը որպես ինքնիշխան պետություն»,–ասաց վարչապետը։
Նա նկատեց, որ Հայաստանին զենք չեն վաճառել 2022–ից առաջ, որովհետեւ համոզված են եղել, որ մենք դա օգտագործելու ենք ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս. «Այդ ճանապարհը մեզ համար բացվել է 2022 թվականի հոկտեմբերի վեցից հետո, երբ որ ասել ենք՝ մենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք։ Իրենք դրանից են դժգոհ։ Էդ որ ասում են՝ այդ 29000 վատ է, իրենք ասում են՝ ո՞նց, արա, դուք ոնց եք դուրս եկել այդ գրպանից։ Աշխարհում այդ գրպանից ավելի լավ տեղ չկա, և մեզ այդ գրպանում պահել են Ղարաբաղը որպես խայծ օգտագործելով»,– հայտարարեց Փաշինյանը։





























