Հիմա ես ձեզ խելագար թվեր ասեմ. 2018 թվականից առաջ Հայաստանում գործարար համայնքը տառապում էր իր ավելացված արժեքի հարկը հետ ստանալու համար. Պետությունը տասնյակ տարիներով միլիարդների պարտք է ունեցել գործարար համայնքին. 2018–ից մինչև օրս ավելացված արժեքի հարկի գծով մենք վերադարձրել ենք 255 միլիարդ դրամով կամ 435%-ով կամ 5,4 անգամ ավելի շատ գումար, քան, օրինակ, 2010—2017 թվականներին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13–ին, ԱԺ–ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա ոչ մեկ չի խոսում դրա մասին, այդ թվում գործարար համայնքը։ Չեն ասում, մենք այնքան տառապում էինք, մի կոպեկ չէինք կարում պետությունից հետ ստանանք, հիմա ամեն ամիս ճշգրիտ օրը գալիս, փողը նստում է մեր հաշվին։
Եկամտային հարկի գծով վերադարձրել ենք 2018 թվականից մինչև օրս 377 միլիարդ դրամ Հայաստանի քաղաքացիներին։ 2010-ից 2017 թվականի համեմատ աճը 9337% կամ 94.4 անգամ է։ Այս փողը կոնկրետ մարդիկ են ստացել, մի քանի տասնյակ հազարավոր ընտանիքներ 2018–ից այս կողմ բնակարան են ձեռք բերել։
Մարզերում նախորդող շրջանի նկատմամբ, 10 606 բնակարանի ձեռքբերում է եղել մարզերում, աճը 1104%։ Բա սրանք մարդի՞կ են, թե՞ մարդիկ չեն։
Համայնքների դոտացիաները նախորդող նույն շրջանի համեմատ աճել են 232 միլիարդ դրամով։
Այսօր ասում են՝ մենք ընդդիմադիր համայնքների ղեկավարներին ճնշում ենք։ Այդ մարդիկ մեր տված փողերից միլիարդներ են ծախսում մի հատ մեզ շնորհակալություն էլ չեն ասում։ Իրենց ժողովրդին չեն էլ ասում, որ ժողովուրդ ջան, այս փողի 70-80 տոկոսը կառավարությունն է տվել։ Սուբվենցիաները նախորդող շրջանի համեմատ համայնքներին 119 միլիարդ դրամով կամ 2.9 անգամ ավել սուբվենցիոն ծրագրեր ենք տվել։
Այո մենք խոստացել ենք, որ նվազագույն պարենային զամբյուղից ավել կլինի նվազագույն թոշակը և իրականացրել ենք։ Միջին կենսաթոշակի մասով դեռ խնդիրներ ունենք, որ պետք է հասկանանք թե ոնց պետք է լուծենք»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ թեև չէին խոստացել, բայց այսօր Հայաստանում 700 հազար դրամ ստացող շարքային զինծառայող կա, սահմանամերձ գոտիներում 16 մլն–ի ծրագիրն են իրականացնում։ «Աշխատավարձի իրական աճը վերջին հինգ տարում կազմել է 27.1%՝ գնաճի էֆեկտները հանած։
Աղքատության պրոբլեմը ինչի՞ չի հաջողվում հաղթահարել. կրթության պատճառով, դպրոցի բացակայության պատճառով, գոյություն չունեցած դպրոցների, մանկապարտեզների, բուհերի ցածր որակի պատճառով։ Եվ մենք այդ խնդիրը լուծում ենք և պետք է լուծենք»,– ասաց նա։





























