Նոյեմբերի 14-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային գրոհ են սկսել Նովոռոսիյսկի դեմ: Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալներով՝ հարված է հասցվել Ռուսաստանի հարավում գտնվող ամենամեծ նավթալցման համալիրներից մեկին՝ «Շեսխարիս»-ին: Համալիրի նավթամբարը հրդեհվել է ընկնող բեկորների պատճառով: Հրդեհը մարելու համար մոտ երկու ժամ է պահանջվել: Օպերատիվ շտաբը հայտնել է, որ զոհեր չկան:

«Շեսխարիս»-ը կառուցվել է 1964թ․ եւ օգտագործվում է արտահանման համար նախատեսված նավթի եւ նավթամթերքի ընդունման, պահեստավորման եւ առաքման, ինչպես նաեւ Կրասնոդարի երկրամասի վերամշակման գործարաններ մատակարարումների համար: Համալիրը ներառում է 30 նավթային բաքեր՝ ընդհանուր 820 հազար խորանարդ մետր տարողությամբ, որոնցից 16-ը՝ վառելիքային նավթի եւ տասը՝ դիզելային վառելիքի համար: Համալիրը պատկանում է պետական ​​«Տրանսնեֆտ» ընկերությանը եւ ծովային ճանապարհով իրականացնում է ռուսական Urals տեսակի հում նավթի արտահանման զգալի մասը:

Բացի այդ, ուկրաինական անօդաչուների գիշերային հարվածի ժամանակ Նովոռոսիյսկի նավահանգստում գտնվող մեկ քաղաքացիական նավ է վնասվել: Անձնակազմի երեք անդամ վիրավորվել է եւ հոսպիտալացվել: Վնասվել են նաեւ մի քանի բնակելի շենքեր. մեկում խփված անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են չորրորդ հարկի բնակարանին՝ վիրավորելով մի տղամարդու, որը հոսպիտալացվել է: Վնասվել են եւս երկու շենքերի վերին հարկերի բնակարանները: Մեկ դեպքում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են շենքի շրջակա տարածքի վրա: Մի քանի շենքերում պատուհաններ են կոտրվել: Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների արձագանքման շտաբի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքի վերացմանը ներգրավված են եղել ընդհանուր առմամբ 172 մարդ եւ 51 միավոր փրկարարական տեխնիկա:

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած գիշեր ՀՕՊ ուժերը «որսացել եւ ոչնչացրել են» 216 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ 66-ը խփվել է Կրասնոդարի երկրամասում, 45-ը՝ Սարատովի մարզում։ Անօդաչու թռչող սարքեր են խփվել նաեւ Վոլգոգրադի, Ռոստովի, Բելգորոդի, Տամբովի, Բրյանսկի, Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի եւ Օրենբուրգի մարզերում։ Բացի այդ, 19 անօդաչու թռչող սարք է խփվել օկուպացված Ղրիմում եւ 59-ը՝ Սեւ ծովի ջրավազանում։