Նոյեմբերի 14-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Կիեւին, տեղեկացրել է Կիեւի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ գրոհի հետեւանքով Կիեւի մի քանի շրջաններում գտնվող բազմահարկ բնակելի շենքեր են հրդեհվել։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել, 40-ը՝ փրկվել։ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ 25 մարդ վիրավորվել է։ Վիրավորներից ինը հոսպիտալացվել է, մնացածին օգնություն է ցուցաբերվել տեղում։

Տկաչենկոն նշել է, որ վիրավորների մեջ կան տասը տարեկան երեխա եւ հղի կին։

Փրկարարների տվյալներով՝ Դեսնյանսկի շրջանի բազմահարկ շենքի երեք հարկերում բռնկված հրդեհի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, նույն շրջանի մեկ այլ հասցեում հրդեհ է բռնկվել բնակելի շենքի յոթերորդ հարկում։

Բնակարանային հրդեհներ են բռնկվել նաեւ Կիեւի Պոդոլսկի, Դնեպրյան, Սոլոմենսկյան, Սվյատոշինսյան եւ Օբոլոնյան շրջաններում։

Գոլոսեեւյան շրջանում հիվանդանոցի տարածքում ընկել են բեկորներ (հրթիռներից կամ անօդաչու թռչող սարքերից, չի նշվում, ծան.՝ Meduza): Դնեպրյան շրջանում հրդեհ է բռնկվել նաեւ մարզական օբյեկտի փայտե կառույցներում՝ 200 քառակուսի մետր մակերեսով: Դարնիցկի շրջանում հրդեհ է բռնկվել դպրոցի տարածքում: