Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության`Ջի-Այ-Զեթ-ի «Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի պլանավորման առաքելության խմբի անդամների հետ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խմբի ղեկավար Այքե Ֆաթերը ներկայացրել է Ջի-Այ-Զեթ-ի առաքելության նպատակներն ու ուղղությունները, ինչպես նաեւ Երեւանի հետ համագործակցության հնարավոր ձեւաչափերը:
Տարոն Մարգարյանը կարեւորելով Ջի-Այ-Զեթ-ի հետ համագործակցությունը` նշել է, որ համատեղ ծրագրերի իրականացումը արդյունավետ կլինի համայնքային ծառայությունների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման առումով:
«Երեւանի քաղաքապետարանը շահագրգռված է ընդլայնել եւ զարգացնել համագործակցությունը` երկկողմ կապեր հաստատելով գերմանական քաղաքների հետ: Մենք հետաքրքրված ենք գործընկերային հարաբերություններ ձեւավորել եւ փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել ենթակառուցվածքների բարելավման, քաղաքացիների սպասարկման ու կառավարման համակարգի ոլորտներում»,-նշել է Տարոն Մարգարյանը`իր պատրաստակամությունը հայտնելով աջակցել նախանշված աշխատանքներում`ներկայացնելով ծրագրային կոնկրետ առաջարկներ:
Կողմերը պայմանավորվել են նաեւ ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ` համագործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու նպատակով:




























