Մոսկվայում սպանված հայ դպրոցական Էդուարդ Մարկարյանի մայրը` Ալլա Մարկարյանը կասկածի տակ է առնում որդու մահվան պատճառների վերաբերյալ երկրորդ փորձաքննության արդյունքների օբյեկտիվությունը:

Մոսկվայի N 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը մահացել էր 2010 թ. սեպտեմբերի 7-ին: Ռուսաստանի ՆԳ Գլխավոր վարչությունից հայտնել էին, որ տղան մահացել է կռվի ժամանակ, որի նախաձեռնողը եղել է 9-րդ դասարանի աշակերտ ազգությամբ ադրբեջանցի Մամեդովը: Նա նույնպես,  ինչպես եւ Էդուարդը, ՌԴ քաղաքացի է: Իրավապահ մարմինների համաձայն, վեճը տեղի է ունեցել դպրոցի մոտակայքում: Որոշ տվյալներով` Մամեդովը տիրապետել է ռազմական արվեստին,  որն էլ կիրառել է կռվի ժամանակ: Այդուհանդերձ Մամեդովի դեմ քրեական գործը փակվել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը խրոնիկական հիվանդություններ է ունեցել, որոնք վճռական դեր են խաղացել: Տուժած կողմի պնդմամբ` կրկնակի փորձաքննություն է անցկացվել:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալլա Մարկարյանը, երկրորդ փորձաքննության արդյուքները գրեթե չեն տարբերվել առաջինից. «Ըստ էության, կրկնակի փորձաքննությունն  իրականցվել է նույն գերատեսչության կողմից եւ արդյունքներն էլ նույնն են: Նրանց վարկածով ստացվում է, թե իմ որդին սարսափելի հիվանդ էր: Սակայն մինչ ողբերգությունը նման ոչ մի բան չէր արձանագրվել եւ որդիս պիտանի էր համարվել զինվորական ծառայության համար»,-նշեց Ա. Մարկարյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ դատական հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 8 –ին:  Կրկնակի փորձաքննությունից հետո առաջին նիստը տեղի է ունեցել հունվարի 13-ին, սակայն առողջապահական դեպարտամենտի ներկայացուցիչները նիստին չեն ներկայացել: «Բժշկական եզրակացության մեջ շատ  են ոչ ճշգրիտ տվյալները: Անգամ ծննդյան թիվն է սխալ գրված`1993-ի փոխարեն` 1992թ: Ինչպե՞ս կարելի հավատալ եզրակացությունը, երբ նման տվյալներում են սխալներ առկա»,- նշեց Ալլա Մարկարյանը` նկատելով, որ նման անճշտությունները լիովին թույլ են տալիս  հայտարարել, որ եզրակացությունն այլ մարդու է վերաբերում: Նրա խոսքով` դատական հաջորդ նիստի ժամանակ իրենց փաստաբանը բոլոր այդ հարցերը բարձրացնելու է:

Ավելի վաղ Մարկարյանների ընտանիքի փաստաբան Արթուր Հայրապետովը NEWS.am-ին ասել էր, թե առաջին փորձաքննությունը պատվիրակված  եւ ոչ օբյեկտիվ բնույթ է ունեցել` գործը փակելուն օժանդակելու նպատակով: