Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթ է մշակում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար հաջորդ տարի ավելի շատ ֆինանսավորում կպահանջվի։
«Կան մի քանի տարբերակներ, բայց սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը Ուկրաինայի պաշտպանունակությունը հզորացնելու ամենաակնհայտ միջոցն է։ Դա նաև Ռուսաստանին ցույց տալու միջոց է, որ ժամանակը իր օգտին չէ։ Ուկրաինային աջակցելը բավականին թանկ է ռուսական հաղթանակի արժեքի համեմատ։ Պատերազմները պարտվում են նրանք, ում փողը կամ զինվորները առաջինն են վերջանում։ Ահա թե ինչու ենք մենք շարունակում ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ պատժամիջոցների միջոցով։ 20-րդ պատժամիջոցների փաթեթի վրա աշխատանքը շարունակվում է և պատժամիջոցներն անկասկած ավելի լավ են աշխատում, երբ դրանք աջակցվում են մեր միջազգային գործընկերների կողմից», - ասել է նա։
ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ինչ վերաբերում է Եվրոպայի պաշտպանության պատրաստվածությանը, ԵՄ-ն հստակ ճանապարհային քարտեզ է ներկայացրել՝ ինը ոլորտներում առկա ներուժի բացերը վերացնելու համար։
«Այս բացթողումները լրացնելու աշխատանքները սկսվում են հիմա։ Անխափան ռազմական շարժունակությունը կարևոր է Եվրոպայի պաշտպանական պատրաստվածությունն ապահովելու համար։ Մենք պետք է կարողանանք զորքեր և ռազմական տեխնիկա տեղափոխել այնտեղ, որտեղ մեզ անհրաժեշտ է և երբ մեզ անհրաժեշտ է։
Հաջորդ շաբաթ Եվրոպական հանձնաժողովի հետ միասին ես կներկայացնեմ զորքերի շարժունակության բարձրացման ծրագիրը, որը կներառի առաջարկություններ՝ մեր ճանապարհները, կամուրջները, թունելները, երկաթուղային գծերը, օդանավակայանները և այլ ենթակառուցվածքային նախագծերը զորքերի լայնածավալ տեղաշարժերին համապատասխանեցնելու, անհրաժեշտության դեպքում միմյանց օգնելու համար տրանսպորտային ռեսուրսները համախմբելու, ինչպես նաև Եվրոպայում զորքերի տեղաշարժի թույլտվությունների ստացման գործընթացն արագացնելու համար»,- ասել է Կալլասը։





























