Սիրիայում արդեն երկրորդ անգամ առեւանգվել է իրանցի ուխտավորների խումբը: Այդ մասին այսօր` փետրվարի 1-ին հաղորդել է իրանական հեռուստատեսությունը` նշելով, որ Սիրիայում առեւանգված ԻԻՀ քաղաքացիների թիվը հասել է 29-ի:

Իրանական «ԻՐԻԲ» հեռուստառադիոհեռարձակող կորպորացիայի տվյալներով` Դամասկոս գնացող ԻԻՀ 35 քաղաքացիներ տեղափոխող  ավտոբուսը կանգնեցվել է զինված անձանց կողմից: Նրանք խլել են ուղեւորների բջջային հեռախոսները, փաստաթղթերը եւ արժեքավոր իրերը,  այնուհետեւ 11 տղամարդկանց տարել են անհայտ ուղղությամբ:

Սա վերջին ժամանակներում նմանատիպ երկրորդ դեպքն էր:  Նախորդ շաբաթ Իրանի մեկ այլ ավտոբուս էր կանգնեցվել Դամասկոսի շրջակայքում: Այն ժամանակ ավազակները դարձյալ 11 տղամարդկանց էին բռնել` խնայելով կանանց, երեխաներին եւ տարիքավոր ուխտավորներին: ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմենփարասթը սիրիական իշխանություններին կոչ է արել անել ամեն հնարավորը իրանցիներին ազատելու համար, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախորդ տարվա դեկտեմբերին սիրիական Հոմս քաղաքի շրջակայքում առեւանգվել էին իրանցի յոթ ինժեներներ, որոնք Սիրիային տեխնիկական աջակցություն էին ցուցաբերում «Ջանդար» էլեկտրակայանը սպառազինելիս: Առեւանգման պատասխանատվությունն ավելի վաղ ստանձնել էր  «Սիրիայում շիականության տարածման դեմ ուղղված շարժում» խմբավորումը:

Առայժմ չի հաջողվել ազատել ոչ իրանցի մասնագետներին, ոչ էլ ուխտավորներին: