Քվեարկել եմ հանուն հզոր Վաղարշապատի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, 14/34 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը։
Հարցին՝ իր ընտրվելու դեպքում թույլ կտա՞ հանրահավաք անել Մայր Աթոռի դիմաց, նա պատասխանեց, որ ինքը նման հավաքը չի արտոնի. «Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ «Մայր Հայաստան» կուսակցությունը սատարում է Հայ առաքելական եկեղեցուն և մենք կանգնած ենք եկեղեցու կողքը։ Մենք Վաղարշապատում անցկացրել ենք ստորագրահավաք ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու և բնակչության 99 տոկոսը կանգնած է եկեղեցու կողքը»։
Հարցին՝ ո՞ր ուժերի հետ պատրաստ կլինեն կոալիցիա կազմել, Հարությունյանը պատասխանեց, որ պատրաստ են կոալիցիա կազմել բոլոր իրական ընդդիմադիրն ուժերի հետ. «Չենք բացառում մեր համագործակցությունը նրանց հետ»։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:
Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։











