Պատմության մեջ առաջին անգամ հրապարակվել է Գերմանական կայսրության առաջին Կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի (1815-1898) ձայնագրությունը: Այն տեղադրված է ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնի թանգարանի կայքում, որը աշխարհին նվիրել է ֆոնոգրաֆը` ձայնագրման եւ ձայնը նվագարկող առաջին սարքը:
Երկրորդ ռեյխի դարաշրջանի Գերմանիայի ղեկավարի մահին հաջորդած 114 տարիների ընթացքում մեր մոլորակի բնակիչներին հնարավորություն չէր ընձեռվել լսել «երկաթե կանցլերին», գրում է BBC-ն:
Երկու րոպե տեւողությամբ ձայնագրությունը 1889թ. հոկտեմբերի 7-ին կատարել է Թեո Վանգեմանը, որը Էդիսոնի ընկերությունում տեխնիկական մասնագետ էր: Դրա գոյության մասին գիտեին, բայց ինչ-որ ժամանակ այն կորել էր եւ պատահաբար գտնվել միայն 1957թ.` Էդիսոնի Նյու Ջերսի նահանգում գտնվող լաբորատորիայում: Սակայն ռեյխսկանցլերի ձայնը հրապարակավ երբեք չի հնչել, քանի որ գրեթե անհնար էր հասկանալ, թե ինչ էր ասում Բիսմարկը: Եւ ահա այժմ թվային տեխնոլոգիաների շնորհիվ հաջողվել է վերականգնել ձայնագրությունը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Թանգարանի կայքում տեղադրված է ձայնագրության լիակատար ապակոդավորումը, որը զարմանալի բաների մասին է վկայում: Այն ժամանակ Բուդապեշտում գտնվող իր որդուն ուղղված խոսքերից հետո Բիսմարկը նաեւ երգել է ամերիկյան ժողովրդական In Good Old Colony Times երգի եւ լատիներեն հայտնի ուսանողական Gaudeamus igitur երգի առաջին տողերը, ինչպես նաեւ մեջբերել է Լյուդվիգ Ուլանդի բանաստեղծություններից մեկի սկիզբը:
Բիսմարկը նաեւ մեջբերել է «Մարսելյոզի»` Ֆրանսիական հանրապետության հիմնի առաջին տողերը, որի հետ Գերմանիան 1870-1871թթ. պատերազմում էր: Այդ ամենը չափազանց անսպասելի էր` հաշվի առնելով ռեյխսկանցլերի գերմանական ավանդական պահպանողականությունը:
Գերմանիայում տեղակայված Բիսմարկի հիմնադրամը այդ ձայնագրության հրապարակումն արդեն որակել է իբրեւ շինծու սենսացիա:




























