Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում համերաշխություն է հայտնել Ադրբեջանի դեսպանատանը՝ Ռուսաստանի կողմից նոյեմբերի 13-ից 14-ի գիշերը Ուկրաինայի դեմ իրականացված հարվածների առիթով։
«Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից նոյեմբերի 13-ից 14-ի գիշերը իրականացված զանգվածային օդային հարվածները։ Նախևառաջ, հարվածները ուղղված էին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին, նրա էներգետիկ օբյեկտներին, բնակելի թաղամասերին և հիվանդանոցին, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և վիրավորների, այդ թվում՝ երեխաների շրջանում։ Տուժել է նաև Ադրբեջանի դեսպանատունը։
Այս լայնածավալ հարվածները, որոնցում կիրառվել է մոտ 430 անօդաչու սարք և 18 հրթիռ՝ մի քանի համազարկով, հետագա սրացում են նշանակում, և ցուցադրում են, եթե անհրաժեշտ են լրացուցիչ ապացույցներ, խաղաղ գործընթաց վարելու Ռուսաստանի ցանկության բացակայությունը։
Ֆրանսիան արտահայտում է լիակատար համերաշխություն Ուկրաինայի, նրա ժողովրդի և իշխանությունների, ինչպես նաև Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների հետ։ Նա վերահաստատում է իր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Ֆրանսիան, իր բոլոր գործընկերների հետ միասին, շարունակելու է իր հանձնառությունը՝ ընդլայնելու Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի վրա՝ պատերազմի դադարեցման նպատակով», – նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։





























