Ռուսական զորքերը նոյեմբերի 17-ի գիշերը հրթիռային երկու հարված են հասցրել Ուկրաինայի Խարկովի մարզի Բալակլեյա քաղաքին։ Հարվածը հասցվել է բնակելի թաղամասերին, հայտնել է տեղի ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կարաբանովը։ Նրա տվյալներով՝ զոհվել է երեք մարդ, ևս տասը, որոնց թվում եղել է երեք երեխա, վիրավորվել են։ Ինը տուժածներ հոսպիտալացվել են։ «Տեղում շարունակում են աշխատել փրկարարները, բժիշկներն ու արտակարգ ծառայությունները», — նշել է Կարաբանովը։

Հարվածը հասցվել է գիշերվա ժամը երեքին։ Դրանից առաջ Ուկրաինայի ԶՈւ Օդային ուժերը նախազգուշացրել էին ռուսական զորքերի կողմից Կուրսկի մարզից բալիստիկ հրթիռների արձակման մասին։ Բալակլեյան գտնվում է Խարկովից մոտ 80 կմ հեռավորության վրա, որը պարբերաբար ռմբակոծվում է Ռուսաստանի կողմից։ Մինչ այդ ռուսական բանակը ընթացիկ աշնան ամենամահաբեր հարվածներից մեկն է հասցրել Կիևին։ Նոյեմբերի 14-ին անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների միջոցով իրականացված հարձակման հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաքում զոհվել էր յոթ մարդ, իսկ Կիևի մարզում՝ վեցը։ Ավելի քան 30 խաղաղ բնակիչ էր տուժել, որոնց մեծ մասին անհրաժեշտ էր եղել հոսպիտալացում։ Զանգվածային գնդակոծության ընթացքում վնասվել են Կիևի ինը շրջաններում գտնվող 30 բազմաբնակարան բնակելի շենքեր։ Վնաս է հասցվել նաև մայրաքաղաքի կրիտիկական ենթակառուցվածքներին. քաղաքում գրանցվել են էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ընդհատումներ։

«Սա միտումնավոր հաշվարկված հարձակում էր, որի նպատակն էր մարդկանց և քաղաքացիական ենթակառուցվածքներին առավելագույն վնաս հասցնելը։ Աշխարհը պետք է դադարեցնի այս հարվածները նոր պատժամիջոցներով», - ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Կիևի վրա հարվածը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ հարձակման թիրախում են եղել «ռազմաարդյունաբերական օբյեկտները» և Ուկրաինայի էներգետիկ ոլորտը։ Հարվածն ինքնին պատասխան էր Կիևի կողմից Ռուսաստանում քաղաքացիական թիրախների վրա «ահաբեկչական հարձակումներին»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է ռուսական հարձակումը։ «Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն», - ասել է նա՝ կոչ անելով անհապաղ և անվերապահ հրադադար հաստատել՝ որպես կայուն խաղաղության հասնելու առաջին քայլ։