Այսօր՝ նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Հենրիկ Ա.-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապ բնակավայրի վերջնամասում վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, հաղորդում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և դեպքի վայր ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբն արձանագրել է հետիոտնի մահը:

Հարվածի հետևանքով մահացածի 2 ոտքերը ծնկից ներքև կտրվել էին:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի  քաղաքացիներ նշում էին, որ վրաերթի ենթարկվածն աշխատում էր վրաերթի հարևանությամբ գործող «Ֆուդ կորտ» սննդի կետում՝ որպես մաքրուհի։ Հենց սննդի կետի դիմաց անհայտ անձինք քարեր են դրել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների տակ և այն իրենց համար դարձրել են արհեստական անցում ու հավանաբար հետիոտնը կա՛մ այդ հատվածով է անցել, կա՛մ փորձել է այդ հատվածով հասնել ֆուդ կորտ: