Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի անունը եւս մեկ անգամ պատմության մեջ է մտել: Այս անգամ այն որոշել են կիրառել հնագետները, այդպես անվանելով նախապատմական ծովախեցգետնին, որի մնացորդները գտնվել են Իսպանիայում: Նոր Մայքլ Ջեքսոնն ըստ մասնագետների գնահատման` 100 միլիոն տարեկան է:
Հնագույն հոդվածոտանու պատյանը հնագետները հայտնաբերել էին Իսպանիայում` Պիրենեյան ստորոտի լքված հատվածներում: Պատմաբանների կողմից հայտնաբերած խեցգետինն ապրել է կավճե դարաշրջանում, այսինքն այն ժամանակաշրջանում, երբ գոյություն են ունեցել դինոզավրերը: Այս արարածի հեռավոր բարեկամ է համարվում Parapylocheles scorpio անունով խեցգետինը, որը բնակվում է Խաղաղ եւ Հնդկական օվկիանոսների հատակում:
Իսկ այն հարցին, թե ինչու են գտածո հին նմուշը կնքել մի քանի սերունդների կուռքի անվամբ, պատասխանը շատ պարզ է` այն հայտնաբերվել է 2009 թվականի օգոստոսի 25-ին` երգչի մահվան օրը: Երբ երեկոյան հոգնած պատմաբանները հանգստանալիս են եղել տեղական ռեստորաններից մեկում, նրանք ռադիոյով լսել են այդ ողբերգական լուրը: Երգչի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով` պատմաբանները որոշել են հնագույն կենդանուն նրա անունով կոչել:
Այս մասին լուրը հայտնվել է միայն 2012 թվականի սկզբին, քանի որ այս ամբողջ ժամանակ հնագետներն զբաղված են եղել համապատասխան թղթերի պատրաստմամբ: Հոդվածոտանու պաշտոնական անունը հետեւյալ կերպ է հնչում` Mesoparapylocheles michaeljacksoni, հաղորդում է vesti.ru-ն:



























