ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցներն սկսել են զորքերի տեղափոխումը Պարսից ծոցի տարածաշրջան: Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները` հղում անելով լավատեղյակ  ռազմական աղբյուրներին:

Ըստ ունեցած տեղեկությունների` զորքերը ժամանում են օմանյան Մասիրա կղզի, որը գտնվում է Օրմուզյան նեղուցից հարավ, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը: Բացի դրանից,  Հնդկական օվկիանոսի բրիտանական Դիեգո Գարսիա կղզու ամերիկյան հավաքակայան են ներկրվել հարյուրավոր բետոնացիր ականներ, որոնք ունակ են ոչնչացնելու  լավ ամրացված ստորգետնյա բունկերները: Սաուդյան Արաբիան էլ է իր ցամաքային ուժերի մի մասը տեղափոխել երկրի արեւելյան շրջաններ, որտեղ տեղակայված են նավթի հանքահորերի հիմնական մասը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով անանուն աղբյուրին, նաեւ հայտնում են, որ Ֆրանսիան ատոմային «Շարլ դե Գոլ» ավիակիրն է ուղարկելու Պարսից ծոցի տարածաշրջան: Սպասվում է , որ մարտ-ապրիլ ամիսներին Պարսից ծոցի տարածաշրջանում եւ նրանից դեպի արեւելք կտեղակայվեն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի եւ Ֆրանսիայի առնվազն եւս 4 ավիակիր հարվածային խմբեր: 

Ըստ իսրայեական լրատվամիջոցների` չի բացառվում նաեւ, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցներն այս տարվա հունիսին կհարվածեն իրանական միջուկային օբյեկտներին, երբ Պարսից ծով ժամանի ամերիկյան հատուկ ծառայության լողացող ռազմակայանը:

Ներկայումս Պարսից ծոցում է գտնվում ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը: Նրան ուղեկցում են հրթիռային հածանավը եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու ականակիր նավ եւ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի մեկական նավ: Հորմուզի նեղուցից արեւելք ` Արաբական ծովի հյուսիսային մասում, Իրանի հարավարեւելյան  ափերի մոտ գտնվում է  ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակրային հարվածային խումբը` «Կարլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ:

Մարտին Պարսից ծոց կուղեւորվի եւս մեկ ավիակրային հարվածային խումբ «Էնթերփրայզ» ատոմային ավիակրի գլխավորությամբ: Խմբի կազմի մեջ են ներառվելու նաեւ հրթիռային հածանավ եւ 3 հրթիռային ականակիր նավեր, հայտնում է գործակալությունը:

Ներկայումս Քուվեյթում տեղակայված են 2 բանակային եւ ուղղաթիռային խմբեր: Քուվեյթում տեղակայված ամերիկյան զորքերի ընդհանուր քանակը հասնում է 15 հազարի, իսկ Պարսից ծոցում դեսանտային նավերի վրա գտնվող  ծովային ուժերի արշավախմբային գումարտակն ընդհանուր քանակով կազմում է շուրջ 2 հազար, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: