Ոստիկանությունը բացահայտել է պահպանվող օբյեկտներում մոտ երկու տարի առաջ կատարված գողության մի դեպք, որի կատարողները եղել են ոստիկանության աշխատակիցներ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել Պետական պահպանության գլխավոր վարչության Էրեբունիի բաժնի 3 ծառայողների, որոնք խոստովանել են, թե 2009 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, հարմարեցված բանալիով բացել են պահեստի կախովի փականը եւ հափշտակել 130 արկղ թեյ ու լուծվող սուրճ: Ձերբակալվածները նշել են, թե կոնկրետ օրը չեն հիշում:

Բերման ենթարկվածներն են Արտակ Ղազարյանը (համակարգում է 2000 թվականից եւ աշխատում էր որպես վարորդ-ոստիկան), Գեւորգ Գեւորգյանը (համակարգում է 1988 թվականից եւ աշխատում էր որպես ջոկի հրամանատար) եւ Վաչագան Իսպիրյանը (համակարգում է 2000 թվականից եւ աշխատում էր որպես ջոկի հրամանատար): Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ի դեպ, ոստիկանապետի պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակումից հետո բացահայտվել են տարիներ առաջ կատարված մի ամբողջ շարք հանցագործություններ: