Լեհաստանի երկաթուղում անցած շաբաթավերջին տեղի ունեցած դիվերսիաների հետևում կանգնած են եղել Ռուսաստանի հատուկ ծառայությունները։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավարի մամուլի քարտուղար Յացեկ Դոբժինսկին։

«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ սա... և մենք այժմ կարող ենք վստահորեն սա ահաբեկչական հարձակում անվանել, որը նախաձեռնվել է Արևելքի հետախուզական ծառայությունների կողմից», - նրա խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

Լեհաստանի կառավարության խոսնակը հրաժարվել է բացահայտել հետաքննության մանրամասները՝ վախենալով, որ այս տեղեկատվությունը կհայտնվի ռուսական հետախուզական ծառայությունների ձեռքում։

Նախօրեին լեհական իշխանությունները հայտնել էին նոյեմբերի 16-ին Ուկրաինայի սահման տանող երկաթուղու վրա տեղի ունեցած երկու միջադեպի մասին: Վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ Վարշավայի և Լյուբլինի միջև երկաթուղու մի հատվածը պայթեցվել է «աննախադեպ դիվերսիայի» արդյունքում: Ժիցին քաղաքի մոտակայքում գտնվող գծերի վնասը հայտնաբերել է անցնող գնացքի մեքենավարը, որը ստիպված է եղել արտակարգ կանգառ կատարել: Ավելի ուշ նույն գծով ուղևորներ տեղափոխող մեկ այլ գնացք ստիպված է եղել արտակարգ կանգառ կատարել վերգետնյա լարի վնասվածքի պատճառով: Կտրված վերգետնյա լարը ծակել է վագոններից մեկի պատուհանը: Երկու միջադեպերի ժամանակ էլ ոչ ոք չի տուժել: