ՀԷՑ–ին լիցենզիայի զրկումը սպասելի էր, իսկ տնտեսության համար դա նշանակում է, որ օտարերկրյա ուղղակի ներդրողների համար Հայաստանի թեման փակ է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

«Պետք է մոռանան, որ, ասենք, ավտոնոմ կարգով օտարերկրյա ուղղակի ներդրողները կշտապեն դեպի Հայաստան, որովհետև նրանք շատ պարզ դատողություն են անում, ասում են՝ եթե համակարգացված կամ, այսպես ասած, կարևորագույն ընկերությանը կառավարությունը միջամտում է և զրկում է լիցենզիայից, դա նշանակում է, որ նույն հաջողությամբ դա կարող է անել այլ ոլորտներում։

Ես այս դեպքում ունեզրկել բառն եմ օգտագործում, որովհետև տնտեսագիտորեն դա նմանվում է դրան։ Ես հանձնաժողովի քննարկումներին հետևել եմ, անկեղծ ասած, ես չկարողացա հասկանալ վերջիվերջո հանրային էական վնաս հասցրած թեման ո՞րն էր։ Ցանկացած ընկերության մասով կարելի է խախտումներ հայտնաբերել, բայց  պետք է մենք հասկանանք, թե դա ինչի հանգեցրեց, ինչ հետևանք ունեցավ, ո՞րն է այն ծաղքը, որ հասարակության ճտին է եղել։

Երբ իրականում խոսում ենք վատ կառավարման մասին, պետք է նայել առաջին հերթին ֆինանսական ցուցանիշները, շահութաբերությունը, դրա լեվերեջը, կանխիկը, լիկվիդանությունը, արդյունավետությանը ցուցանիշները։ Սրանք առաջին, այսպես ասած, սքրինինգն են, որը որ դու կարողանում ես անել:

2014 թվականից ներքև «ՌաուԵՍ»-ի կառավարման ժամանակ ՀԷՑ–ը եղել է վնասաբեր և դա տեղափոխվում էր ազգաբնակչության ուսերին և անընդհատ տարիֆներ էին բարձրացվում։ 2015 թվականից այս կողմ ՀԷՑ–ը կառավարվել է շահույթով, ընդ որում բավականին մեծ շահույթներ են եղել, ընդհուպ մինչև 30 միլիարդից ավել շահույթ է գեներացրել։ Ընդամենը մեկ տարի է նա վնասով աշխատել, դա 2020 թիվն է եղել և բոլորս գիտենք ինչի համար էր այդպես։

Կուտակային 2015–2024 թվականներին ՀԷՑ–ը գեներացրել է շուրջ 330 միլիոն դոլարի շահույթ և ներդրում է կատարել։ Այդ շահույթը Սամվել Կարապետյանի թիմը կամ հիմնական բաժնետերը իրենց չեն վերցրել, այլ վերաներդրվել է տնտեսության մեջ։ Կուտակային շուրջ 770 միլիոն դոլարի կարգի ներդրում է կատարվել»,– նկատեց Արամյանը։

Նա նկատեց, որ ՀԷՑ–ի ֆինանսական ցուցանիշները լավ է եղել և բարդ է լինելու, եթե ոչ անհնար, որպեսզի միջազգային ատյաններում ապացուցեն, որ էական վնաս է հասցվել հանրության շահերին։