Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` քննարկվել են ներքաղաքական հարցեր եւ որոշում է կայացվել ՀՀԿ համագումարը հրավիրել մարտի 10-ին:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ որոշվել է համագումարն անցկացնել մարտի 10-ին, ոչ թե 17-ին, ինչպես ասվել էր նախապես, նա պատասխանեց, որ դա նախնական էր, իսկ որոշումն այսօր է կայացվել` հաշվի առնելով կազմակերպչական մի շարք հարցեր:
Հարցին, թե նիստի ժամանակ քննարկվե՞լ է Հրազդանի քաղաքապետի ընտրությունը, Էդուարդ Շամազանովը պատասխանեց, որ այդ հարցը քննարկել են ավելի վաղ, երբ որոշում են կայացրել, որ պաշտպանում են գործող քաղաքապետին: Նրա խոսքով` չեն քննարկել նաեւ ԲՀԿ-ին մեծամասնականի տեղեր տալու հարցը:
Նշենք, որ ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ավելի վաղ NEWS.am-ին տեղեկացրել էր, որ Հայաստանի հանրապետական կուսակցության որոշել է կուսակցության հերթական համագումարի օրը. մարտի 17-ին: ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանից էլ տեղեկացել էինք, որ ՀՀԿ համագումարին քննարկվելու են կանոնադրական խնդիրներ: «Համագումարում, նախեւառաջ կուսակցության խորհուրդն է ձեւավորվելու, գործադիր մարմինը, նախագահի ընտրություն է տեղի ունենալու եւ, քանի որ նախընտրական տարի է, կլինեն նաեւ ընտրական գործընթացների հետ կապված կոնկրետ շեշտադրումներ»,- ավելացրել էր Հովհաննես Սահակյանը: Հիշեցենք, որ ՀՀԿ համագումարն անցկացվում է 2 տարին մեկ անգամ:




























