Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Վլկադիմիր Ժիրինովսկին իր «Դեպի ուր է շարժվում Ռուսաստանը» հոդվածում առաջարկել է փոխել երկրի պետական կարգը եւ այլ կերպ անվանել նախագահին:
Ինչպես տեղեկացնում է «Վզգլյադը», Ժիրինովսկին գրում է. «Ոչ ռուսական բառը` պրեզիդենտ, անմիջապես աչք է զարնում: Ինչո՞ւ պետք է օտար լեզվով անվանենք մեր երկում ամենաբարձր պաշտոնը: Եկեք անվանենք Ռուսաստանի գլուխ, ըստ էության, ռուսական ցար: «Պրեզիդենտ» բառը թարգմանաբար նշանակում է «առջեւում նստող»: Սա մի տեսական անորոշ է ընկալվում: Իսկ Ռուսաստանում սովորաբար ասում ենք «գլխից է ամեն ինչ ստացվում», «այս մարդը գլուխ է» եւ այլն: Այսինքն, մեզ նույնիսկ իմաստով է մոտ «գլուխը», հասկանալի, հարազատ: Կամ մեկ այլ լավ բառ` կառավարիչ: Ինչո՞վ է նա զբաղվում: Նա կառավարում է: Ահա եւ եկեք ընտրենք Ռուսաստանի կառավարիչ կամ Ռուսաստանի գլուխ: Փոխել ենք չէ՞ մենք պառլամենտը Պետական դումայի»,-գրել է Ժիրինովսկին:
Լիբերալ-դեմոկրատների առաջնորդի խոսքով` Ռուսաստանում անհրաժեշտ է փոխել նաեւ պետական կարգը: Նա կարծում է, որ նախագահի լիազորությունները չափազանց շատ են:
«Մեզանում նախագահն առանց այդ էլ անսահման իշխանությամբ է օժտված: Թե ինչի կարող է բերել նման իշխանության կենտրոնացումը մեկ ձեռքում, կարծում եմ, բացատրելու կարիք չկա: Մարդիկ հանրահավքներում արդեն բղավում են «Կորչի ինքնակալությունը», եւ ինչ-որ տեղ նրանք իրավացի են»,-նշել է Ժիրինովսկին:



























