Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է երկաթուղային միջադեպի կապակցությամբ երկրում Ռուսաստանի վերջին հյուպատոսության գործունեության թույլտվությունը չեղյալ հայտարարելու որոշման մասին, հաղորդում է РАР-ը։
«Ես որոշել եմ հետ վերցնել մեր երկրում Գդանսկում գտնվող վերջին ռուսական հյուպատոսության գործունեության վերաբերյալ իմ համաձայնությունը», - չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում ասել է Սիկորսկին։
Նա ընդգծել է, որ սա դեռևս լիարժեք պատասխան չէ այս երկրում իրականացված վերջին դիվերսիոն գործողություններին և թշնամական գործողություններին։
Սիկորսկին ընդգծել է, որ «վերջին օրերին օտարերկրյա ծառայությունների կողմից ձեռնարկվել են գործողություններ, որոնք կարող էին հանգեցնել գնացքի վթարի և բազմաթիվ մարդկանց մահվան»։
«Օտարերկրյա պետությունը լավ պատրաստված դիվերսանտներ է ուղարկել, բայց ինչ-որ հրաշքով նրանք չեն կարողացել հասնել իրենց նպատակին», - հայտարարել է Լեհաստանի արտգործնախարարը։
Նա հավելեց, որ «Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչությունը պարբերաբար վարձում է կեղծ դրոշով ենթակապալառուների՝ իր կեղտոտ աշխատանքը կատարելու համար»։
«Այս անգամ դա պարզապես դիվերսիա չէր, ինչպես նախկինում, այլ պետական ահաբեկչության ակտ, քանի որ ակնհայտ մտադրությունը մարդկային զոհերի պատճառ դառնալն էր։ Մենք կարձագանքենք դրան և ոչ միայն դիվանագիտորեն, ինչի մասին կհայտարարենք առաջիկա օրերին», - ասել է Սիկորսկին։
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկաթուղում վերջերս տեղի ունեցած դիվերսիաների համար պատասխանատու են ռուսական հետախուզության հետ համագործակցող երկու ուկրաինացի քաղաքացիներ։
Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները հայտնել էին երկու միջադեպերի մասին, որոնք տեղի էին ունեցել նոյեմբերի 16-ին՝ Ուկրաինայի հետ սահման տանող երկաթուղային գծի վրա։ Վարչապետ Դոնալդ Թուսկի խոսքով՝ «աննախադեպ դիվերսիոն ակտի» հետևանքով պայթեցվել է Վարշավայի և Լյուբլինի միջև երթուղու երկաթուղային գծի մի հատվածը։ Ճիչին քաղաքի մոտակայքում գտնվող գծերի վնասվածքը հայտնաբերել է անցնող գնացքի մեքենավարը, ով ստիպված է եղել արտակարգ կանգառ կատարել։ Ավելի ուշ, նույն գծի վրա, հպման ցանցի վնասման պատճառով, արտակարգ կանգառ է կատարել ուղևորներով ևս մեկ գնացք։ Կտրված հպման գիծը ջարդել է դրա վագոններից մեկի պատուհանը։ Միջադեպերի հետևանքով ոչ ոք չի տուժել։





























