Ուկրաինայի շուրջ նոր խաղաղության ծրագիրը, որը մշակվել է Դոնալդ Թրամփի զինակիցների և նրա փեսայի կողմից, նախատեսում է հսկայական զիջումներ Կիևի կողմից։ Իսկ Մոսկվայի համար նման պայմանավորվածությունը գրեթե ոչինչ չի արժենա։
Սպիտակ տունը փորձում է կիրառել նույն մոտեցումը, ինչ Գազայի հատվածի դեպքում՝ կազմել բազմաթիվ կետերից բաղկացած ծրագիր (այս դեպքում դրանք 28-ն են) և այնուհետև սկսել մղել թշնամական կողմերին դրա ընդունմանը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ Թրամփը ցուցում է տվել պատրաստել նոր առաջարկներ, որոնք խթաններ կարող են ներառել երկու կողմերի համար։ Մասնավորապես, Վաշինգտոնը հույսը դնում է Ռուսաստանի՝ Արևմուտքի հետ տնտեսական հարաբերությունները վերականգնելու ցանկության և Ուկրաինայի՝ իր ավերված տնտեսությունը վերականգնելու համար միջոցների կարիքի վրա։
Ըստ այն ծրագրի, որը մշակվել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների կողմից, ովքեր խորհրդակցել են Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ, Ուկրաինան պետք է Ռուսաստանին հանձնի ողջ Դոնբասը, ներառյալ չօկուպացված հողերը (որտեղ կստեղծվի ապառազմականացված գոտի), երկու անգամ կրճատի բանակի թիվը, համաձայնի իր տարածքում որոշ զինատեսակներ և օտարերկրյա զորքեր չտեղակայել, ինչպես նաև գոնե առաջիկա տարիներին չփորձի անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ի պատասխան, ամերիկացի պաշտոնյաների խոսքով, Մոսկվան պարտավորվում է չհարձակվել Ուկրաինայի և Եվրոպայի այլ երկրների վրա և այդ պարտավորությունը կամրագրի օրենսդրությամբ։
Վլադիմիր Պուտինի կողմից նման «զիջումը» նշանակում է, որ նա փաստացի ոչ մի խոստում չի տալիս։ Չէ՞ որ նույնիսկ 2014 թվականին Ղրիմի զավթումը և 2022 թվականին Ուկրաինայի վրա հարձակումը խախտում են Բուդապեշտի հուշագիրը՝ Ուկրաինային միջուկային զինաթափման դիմաց անվտանգության երաշխիքների մասին, որը Ռուսաստանը ստորագրել էր 1994 թվականին։ Բացի այդ, պատերազմ սկսելով և վարելով՝ Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր։
Պուտինը նաև բազմիցս խախտել է Ռուսաստանի օրենքները, ամենակարևորը՝ Սահմանադրությունը. նախ անտեսելով երկու նախագահական ժամկետի դրույթը, ապա այդ ժամկետը մեծացնելով մինչև վեց տարի, իսկ հետո ամբողջությամբ վերաշարադրելով Սահմանադրությունը։
Սպիտակ տան ծրագիրը նաև ենթադրում է որոշակի վճարումներ Ռուսաստանի կողմից, որոնք որակվում են որպես «վարձավճար» Դոնբասի հողերից օգտվելու համար, որոնց նկատմամբ իրավական սեփականության իրավունքը կմնա Կիևին, հայտնել է The Telegraph-ը՝ հղում անելով գործարքի պայմաններին ծանոթ աղբյուրներին։ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ տարածքների փոխանցման հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով, որը, դատելով հասարակական կարծիքի բոլոր հարցումներից, կձախողվի։ Ենթադրաբար, Սպիտակ տան տրամաբանությունը կայանում է նրանում, որ դրանից կարելի է խուսաձել նաև Ռուսաստանի հետ վարձակալության պայմանագիր կնքելու միջոցով։
Հաղորդվել է նաև, որ Կրեմլը կարող է որոշ տարածքային զիջումներ անել Զապորոժիեի և Խերսոնի մարզերում։
Եվրոպացի պաշտոնյան WSJ-ին ասել է, որ ծրագիրը, որը ԱՄՆ-ն չի բացահայտել Ուկրաինային կամ նրա եվրոպացի դաշնակիցներին, հավանաբար նրանց կողմից ուժեղ դիմադրության կհանդիպի։





























