Կրեմլը դեռևս ավելացնելու բան չունի ուկրաինական կարգավորման թեմայի շուրջ, բացի այն, ինչ ասվել է Անքորիջում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի գագաթնաժողովում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է TASS-ը։
«Ոչ, ես այդ սյուժեի վերաբերյալ կարող եմ միայն ասել, որ երեկ մենք դա բազմիցս արդեն կրկնել ենք։ Այն, ինչ ասվել է Անքորիջում, որևէ նոր բան դրան ավելացնել չենք կարող։ Որևէ նորույթ այս դեպքում մենք չունենք», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է հաստատել Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ՌԴ-ի և ԱՄՆ-ի կողմից մշակված 28 կետից բաղկացած համատեղ ծրագրի առկայությունը։
Երբ Պեսկովին հարցրին պարզաբանել, թե արդյոք Ուկրաինայի համար նոր ծրագիրը մշակվել է Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության և ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի միջև բանակցություններից հետո, նա ընդգծել է. «Ես իմ ասածից զատ, որևէ այլ բան չունեմ այս թեմայի վերաբերյալ ավելացնելու »։ Նա նմանապես պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը նմանատիպ փաստաթղթեր է կիսվել Ռուսաստանի նախագահի հետ։
Axios-ը նախկինում հաղորդել էր, որ Ուիթկոֆը վերահսկում է Ռուսաստանի հետ համատեղ նոր խաղաղության պլանի մշակումը՝ ամերիկյան կողմից Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար: Պլանի նախագիծը բաղկացած է 28 կետից, այդ թվում՝ Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության երաշխիքներ:





























