Այսօր, այն պայմաններում, երբ երկրում կան տասնյակ քաղբանտարկյալներ, մենք հայրենիք չունենք, քանի որ չի կարող հայը հայրենիքում կալանավորված լինել ապազգային իշխանություն չհանդուրժելու համար։ Այս մասին նոյեմբերի 20-ին Շենգավիթի դատարանի շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պահանջելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

«Եվ այն մարդիկ ովքեր այսօր այս շենքում են՝ կալանավորվել են, որովհետև հայ են։ Եվ ոչ միայն այս շենքում, այլև Հայաստանի տարածքով սփռված այլ կալանավայրերում և դատարաններում փորձում են դատել հայկականությունն ու հային։ Յուրաքանչյուր հայ, ով չի վախենում խոսել իր ապրածի, իր մտածածի, իր զգացածի մասին կարող է ձերբակալվել», - նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանում քաղբանտարկյալների ինստիտուտը հիմնադրվել է 2018 թվականից։

«Ամոթ է, որ հայը իր հայրենիքում դուրս է եկել հայկականության համար պատժված մարդկանց  իրավունքը որպես հայ պաշտպանելու համար։ Սա աբսուրդի թատրոն է, բայց մենք իրավունք չունենք հուսահատվելու։ Մինչև մենք՝ որպես քաղաքացիական հասարակություն, չկարողանանք ապահովել քաղբանտարկյալների ազատությունը, չենք իշխանափոխություն ապահովել չենք կարող։

Հայ քաղբանտարկյալներ կան ոչ միայն Հայաստանում, այլև Բաքվում։ Եվ մենք պետք է աջակցություն հայտնենք նաև նրանց, նրանք գերության մեջ են գտնվում նույն արժեքների՝ հայ մնալու համար։ Իսկ աշխարհում հայ մնալու տեսանկյունից ամենավտանգավոր վայրը Հայաստանն է։ Դրան վերջ կդրվի այն ժամանակ, երբ վերջ կդրվի Հայաստանում քաղբանտարկյալների գոյությանը», - նշել է Աշոտյանը։