Ֆրանսիացի բարձրաստիճան գեներալը հինգշաբթի քննադատության է ենթարկվել քաղաքական ողջ սպեկտորի կողմից, երբ զգուշացրել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի «կորցնելու իր երեխաներին Ռուսաստանից սպասվող սպառնալիքի պատճառով», հաղորդում է France 24-ը։

Պաշտպանության շտաբի պետ, գեներալ Ֆաբիեն Մանդոնը երեքշաբթի տեղի քաղաքապետերին ասել է, որ չնայած Ֆրանսիան ունի Մոսկվային հաղթելու համար անհրաժեշտ տնտեսական և ժողովրդագրական ուժը, հասարակությունը «քաջություն չունի» դիմակայելու սպառնալիքին։

«Մենք ունենք բոլոր գիտելիքները, ամբողջ տնտեսական և ժողովրդագրական հզորությունը՝ Մոսկվայի ռեժիմին իր բախտը փորձելու հետագա փորձերից զերծ պահելու համար»,- ասել է Մանդոնը։

«Մեզ պակասում է, և այստեղ է, որ դուք պետք է կարևոր դեր խաղաք, տառապանքն ընդունելու տոկունությունը՝ պաշտպանելու համար մեր ինքնությունը,- ասել է նա քաղաքապետերին,- Եթե մեր երկիրը տատանվում է, քանի որ պատրաստ չէ ընդունելու, եկեք ազնիվ լինենք, իր երեխաների կորուստը, պաշտպանական արտադրությանն առաջնահերթություն տալու հետևանքով առաջացած տնտեսական տառապանքը, ապա մենք վտանգի տակ ենք»,- հավելել է նա։

Ֆրանսիացի պաշտոնյաները, ներառյալ՝ նախագահ Էմանուել Մակրոնը, բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը կարող է ավելի հեռու գնալ, եթե Ուկրաինա ներխուժումը հաջողությամբ պսակվի: Իշխանությունները փորձել են ֆրանսիացիներին պատրաստել պատերազմի կամ ճգնաժամի, որը կստիպի նրանց զոհաբերություններ անել, սակայն այդ ուղերձը դժվարությամբ է թափանցում բևեռացված բնակչության գիտակցության մեջ, որն իրեն զգում է առաջնագծից հեռու և պաշտպանված միջուկային զսպմամբ: Ձախակողմյան France Unbowed («Անհնազանդ Ֆրանսիա») կուսակցության ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոնն ասել է, որ «բացարձակապես համաձայն չէ» Մենդոնի հետ։

«Նրա գործը չէ քաղաքապետերին կամ որևէ մեկին հրավիրել մասնակցելու ռազմական պատրաստություններին, որոնց վերեբերյալ ոչ ոք որոշում չի ընդունում. ո՛չ նախագահը, ո՛չ կառավարությունը, ո՛չ խորհրդարանը,- գրել է նա X սոցիալական ցանցում: -Եվ նրա գործը չէ կանխատեսել մեր դիվանագիտական ​​​​անհաջողությունների արդյունքում առաջանալ զոհերը... Որտե՞ղ է նախագահ Մակրոնը: Ինչո՞ւ է նա նման բանթույլ տալիս»։

Իր հերթին, Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ ցնցված է։

«Զինված ուժերի շտաբի պետի պարտականությունների մե՞ջ է այդքան անհանգստացնել երկիրը: Դա թուլության դրսևորում է»,- CNews-ին տված հարցազրույցում ասել է նա։

Եվրոպական հանձնաժողովի գնահատմամբ՝ ԵՄ պաշտպանական ծախսերը այս տարի կկազմեն մոտ 392 միլիարդ եվրո, գրեթե կրկնակի ավելի, քան չորս տարի առաջ՝ մինչև Ուկրաինայում պատերազմի սկսվելը։

Հաշվարկվում է, որ հաջորդ տասնամյակում պաշտպանության վրա, ըստ ամենայնի, կծախսվի մոտ 3,4 տրիլիոն եվրո։