Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին օրերս Հակակոռուպցիոն դատարանում հնչեցրած արտահայտությունների համար 3-րդ մեղադրանք առաջադրեցին, գրում է Armlur.am-ը։

Նրան առաջին մեղադրանքը Հակակոռուպցիոն կոմիտեն էր առաջադրել՝ կաշառքի գործով, իսկ 2-րդ մեղադրանքը՝ ՀՀ քննչական կոմիտեն սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում իշխանությունների մասին հնչեցրած արտահայտությունների համար։

Իսկ ահա 3-րդ մեղադրանքն օրերս Հակակոռուպցիոն դատարանում արված հայտարարությունների հետ է կապված։

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները մտան ԱԱԾ շենք ու առաջադրեցին նաև 3-րդ մեղադրանքը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ՔԿ–ի փոխանցմամբ՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության հատկանիշներով: 2-րդ անձը Սպարտակ Ղուկասյանն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվեց, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Փաստաբան Արամայիս Հայրապետյանի խոսքով, «ըստ նախաքննական մարմնի՝ Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի և Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո իբր Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել, և լրատվամիջոցներով հրապարակված խոսակցություններ կան, որոնք վերագրում են Սպարտակ Ղուկասյանին և գտնում են, որ էդ արարքը խուլիգանություն է խմբի կազմում կատարված՝ զանգվածային լրատվական միջոցների օգտագործմամբ»:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը»: