Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի երեկոյան, ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից հետո, հայտնել է, որ կողմերը կշարունակեն աշխատանքը ամերիկյան նոր խաղաղության պլանի կետերի շուրջ, իսկ Ուկրիանան առայժմ դրա մասին կտրուկ հայտարարություններ չի անի։

Զելենսկին համաքաղաքացիներին պատմել է, որ ամերիկյան պատվիրակությանը բացատրել է, թե ինչն է Ուկրաինայի համար սկզբունքորեն կարեւոր։

Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է այնպիսի պայմանագիր, որը չի խախտի երկրի ինքնիշխանությունը եւ չի ստեղծի նախադրյալներ Ռուսաստանի նոր ներխուժման համար։

«Մենք կտրուկ հայտարարություններ չենք անի եւ տրամարդված ենք հստակ, ազնիվ աշխատանքի՝ Ուկրաինան, Միացյալ Նահանգները եւ մեր բարեկամները եւ գործընկերները Եվրոպայում եւ աշխարհում»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա ավելացրել է, որ առաջիկայում ակնկալում է խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Մենք գիտակցում ենք, որ Ամերիկայի ուժը եւ Ամերիկայի աջակցությունը կարող են իրապես մոտեցնել խաղաղությունը, եւ մենք չենք ցանկանում կորցնել այն»,- ասել է Զելենսկին։

Նա ավելացրել է, որ Ռուսաստանը, Ուկրաինայի եւ դաշնակիցների տեսակետից, այս ամբողջ տարվա ընթացքում փորձում է հետ մղել նոր պատժամիջոցների կիրառումն իր դեմ եւ ժամանակ շահել՝ շարունակելով կռվել։

ԱՄՆ նոր խաղաղության պլանի մասին վերջին երկու օրերին գրել են՝ վկայակոչելով իրազեկ անանուն աղբյուրներին, մի քանի արեւմտյան պարբերականների։ Դրանց նկարագրությամբ՝ պլանի հիմնական կետերը Մոսկվայի մաքսիմալիստական պահանջների շարադրման տեսք ունեն։