Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր ամերիկյան պլանը արտացոլում է իրական դրությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

«Այդ պլանը կազմվել է ռեալ իրավիճակի հաշվառմամբ, որն ստեղծվել է կործանարար մարտական գործողությունների հինգ տարիներից հետո, որպեսզի գտնվի ամենալավ, բոլորի համար շահեկան տարբերակը, որի դեպքում երկու կողմերը կստանան ավելին, քան պետք է տան»,- նրա խոսքերը մեջբերել են Reuters գործակալությունը եւ PBS հեռուստաալիքը։

Լիվիթն ավելի վաղ ճեպազրույցում տեղեկացրել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը փոխգործակցում են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ոկրաինայի հետ Վաշինգտոնի առաջարկած կարգավորման պլանի շուրջ։ Սպիտակ տան մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «աջակցում է այդ պլանին»։ Նա հերքել է լրագրողներից մեկի այն պնդումները, թե փաստաթուղթը նախատեսում է զիջումներ Կիեւի կողմից՝ նշելով, որ բանավեճը վարվում է «հավասար պայմաններով», եւ ավելացրել է, որ Ռուբիոն եւ Ուիթքոֆը «անցած շաբաթ հանդիպել են Ուկրաինայի ներկայացուցիչների հետ պլանի քննարկման համար»։

Ամերիկյան պլանի համաձայն, որի բովանդակությունը հայտնի է դարձել արեւմտյան լրատվամիջոցներին, ԱՄՆ-ը եւ մյուս երկրները պետք է ճանաչեն Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի, Դոնբասի եւ այլ տարածքների հանդեպ, որոնցից Ուկրաինան պետք է հրաժարվի։ Փոխարենը Կիեւը կստանա անվտանգության ամերիկյան եւ եվրոպական երաշխիքներ։ Այն շրջաններում, որտեղից դուրս կբերվեն ուկրաինական զորքերը, ենթադրվում է ստեղծել ամառազմականացված գոտի։ Ուկրաինական բանակը էապես կկրճատվի եւ կզրկվի մեծ հեռահարության սպառազինություններից։ Պլանը նախատեսում է նաեւ երկրի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայման արգելք եւ ռուսերենի պետական կարգավիճակի ընդունում։ Bloomberg գործակալության տեղեկացմամբ՝ նախատեսվում է նաեւ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների չեղարկում։