Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ գործարք կնքել իր միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն այն պետք է լավ հավասարակշռված լինի եւ հաշվի առնի երկու կողմերի դիրքորոշումները։ Այս մասին The Economist բրիտանական ամսագրի հարցազրույցում հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ոչ թելադրանքի։ Մենք իրականում բաց ենք գործարքի համար, բայց ազնիվ եւ հավասարակշռված, այլ ոչ թե միակողմանի։ Սա է խնդիրը»,- ասել է նա։
Իրանի դիվանագիտության ղեկավարը տեղեկացրել է, որ 12-օրյա պատերազմն սկսելուց առաջ, հունիսին, Թեհրանը եւ Վաշինգտոնը բանակցությունների հինգ փուլ էին անցկացրել։ Ամերիկյան պատվիրակությունը դրանցում գլխավորում էր ԱՄՆ նախագահի խաղաղարար առաքելությունների գծով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ «Մենք շատ մոտ էինք գործարքի կնքմանը, լավ փոխզիջմանը։ Ես բնավ մտադիր չեմ խորանալ մանրամասներում, բայց եթե պետք է, մի ինչ-որ ժամանակ դա կանեմ»,- խոստացել է Արաղչին։
Նա նշել է, որ Իսրայելի հետագա պատերազմը ԱՄՆ աջակցությամբ խաչ է քաշել այդ գործընթացի վրա։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մոտ մեկ օր անց իսլամական հանրապետությունը պատասխան գրոհ իրականացրեց։ ԱՄՆ-ը մտավ հակամարտության մեջ այդ թեժացումից ինը օր անց՝ հարվածներ հասցնելով իրանական միջուկային օբյեկտներին Սպահանում, Նաթանզում եւ Ֆորդոյում։ Հունիսի 23-ի երեկոյան Իրանը գրոհեց Մերձավոր Արեւելքում ամենամեծ ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազան Կատարում։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը եւ Իրանը համաձայնել են հրադադարի։ Հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։





























