ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ի վերջո կկարողանա հասնել հակամարտության խաղաղ կարգավորման Ուկրաինայում։

«Նա չի վախենում քայլեր ձեռնարկել, որոնք կընդլայնեն հնարավորությունների պատուհանը գործողությունների համար եւ կստեղծեն խաղաղության հնարավորություն այնտեղ, որտեղ մինչ այդ նման հնարավորություններ չկային։ Ես կարծում եմ՝ ի վերջո մենք կտեսնենք դա Ուկրաինայում»,- ասել է նա One America News հեռուստաալիքի հարցազրույցում։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քրատուղար Քերոլայն Լիվիթը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը շփվում են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ Վաշինգտոնի առաջարկած՝ ճգնաժամի կարգավորման պլանի վերաբերյալ։

Արեւմտյան լրատվամիջոցները, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել են, որ ԱՄՆ-ը մշակում է  Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր պլան եւ խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ դրա վերաբերյալ։ Axios պորտալը, մասնավորապես, նշել է, որ ամերիկյան առաջարկները նախատեսում են, որ Կիեւը պետք է հրաժարվի որոշ տարածքներից՝ Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային եւ Եվրոպային տրվելիք անվտանգության երաշխիքների դիմաց։ NBC News հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ Թրամփն այս շաբաթ ավելի վաղ  հավանություն է տվել նոր պլանին, որը բաղկացած է 28 կետից։ Ինչպես նշել է The Wall Street Journal թերթը, Վաշինգտոնն ի թիվս այլ կետերի Կիեւին առաջարկում է առնվազն մի քանի տարի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։