Նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան ռուսական բանակը զանգվածային գրոհ է սկսել Զապորոժիե քաղաքի դեմ, տեղեկացրել է Զապորոժիեի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Նրա խոսքով՝ բնակելի թաղամասերին հարվածելու հետեւանքով զոհվել է հինգ մարդ, եւս ութը վիրավորվել է։ «Հայտնի է, որ վնասվել է առնվազն հինգ բարձրահարկ շենք, իսկ մանրածախ առեւտրի տաղավարները ոչնչացվել են»,- գրել է Ֆյոդորովը թելեգրամ-ալիքում։
Ընդհանուր առմամբ, ռուսական զորքերը օրվա ընթացքում 387 հարված են հասցրել տարածաշրջանի 16 բնակավայրերին։ Զապորոժիեն, Գուլյայպոլեն, Մագդալինովկան, Լուկյանովսկոյեն եւ Տերնուվատեն ենթարկվել են օդային հարվածների։ Ստեպնոգորսկը, Պրիմորսկոյեն, Մալայա Տոկմաչկան, Յաբլոկովոն եւ Զելենոն, ինչպես նաեւ այլ քաղաքներ ենթարկվել են հրետանային ռմբակոծության։ «Բնակելի շենքերի, ոչ բնակելի շենքերի, տրանսպորտային միջոցների եւ ենթակառուցվածքների վնասման 90 դեպք է գրանցվել»,- նշել է Ֆյոդորովը։
Նոյեմբերի 19-ի գիշերը Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի դեմ աշնան սկզբից ի վեր ամենամահասփյուռ օդային հարվածներից մեկը։ Տերնոպոլի բազմահարկ բնակելի շենքի վրա հրթիռ է ընկել, որի հետեւանքով զոհվել է 28 մարդ, 94-ը՝ վիրավորվել։ Եվս 16 մարդ անհետ կորած է համարվում։ Զոհերի մեջ կա երեք երեխա։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ շենքին հարվածել է Kh-101 հրթիռը։
Նույն գիշեր ռուսական անօդաչու թռչող սարքերը զանգվածային գրոհ են սկսել Խարկովի բնակելի թաղամասերի դեմ։ Բնակելի շենքերին անօդաչու թռչող սարքերի հասցրած հարվածներից վիրավորվել է 46 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Ավելի վաղ Խարկովի մարզի Բերեստին եւ Բալակլիա քաղաքներին հասցված հարվածների հետեւանքով զոհվել էր չորս եւ վիրավորվել 19 մարդ։
Նոյեմբերի 14-ին ռուսական բանակը համակցված ավիահարված սկսեց Կիեւի դեմ՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր եւ բալիստիկ հրթիռներ։ Գրոհի հետեւանքով Կիեւում զոհվել է յոթ մարդ, Կիեւի մարզում՝ եւս վեցը։ Վիրավորվել է ավելի քան 30 քաղաքացիական անձ, որոնց մեծ մասը հոսպիտալացվել է։ Հրթիռակոծության ժամանակ վնասվել է Կիեւի ինը շրջաններում գտնվող երեսուն բնակելի շենք։
«Սա միտումնավոր հաշվարկված գրոհ էր, որի նպատակն էր մարդկանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքին առավելագույն վնաս հասցնելը։ Աշխարհը պետք է դադարեցնի այս հարվածները նոր պատժամիջոցներով»,- մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւին հասցված հարվածը։





























